18 08 2024

Ողբերգական վթար՝ Լոռիում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական վթար՝ Լոռիում. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13:10-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի՝ Սպիտակի վարչական տարածքում բախվել են 2 «Mitsubishi», «Nissan Tiida» և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով կա 1 զոհ, 2 վիրավոր։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և քաղաքացիների օգնությամբ պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և վաշտի հրամանատար Արամ Պետրոսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը և ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Մալաքյանը։

Վթարի մասին ոստիկանության Սպիտակի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ