10 08 2024

Որքա՞ն է ծախսվել Թաթայի մենահամերգի վրա, և ովքե՞ր են ծախսել․ Yerkir.am

Որքա՞ն է ծախսվել Թաթայի մենահամերգի վրա, և ովքե՞ր են ծախսել․ Yerkir.am

 

Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին` պարզելու, թե որքա՞ն գումար է ծախսվել հուլիսի 27-ին Գյումրիում կազմակեպված «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի ունեցած Թաթայի մենահամերգի վրա։ Հարցրել էինք նաև, թե ո՞ր ընկերությանն է պատվիրակվել համերգի կազմակերպումը, արդյո՞ք մրցույթ եղել է դրա համար։

ԿԳՄՍՆ-ից ստացված պատասխանից պարզվում է, որ թե' Շիրակի մարզում կայացած Թաթայի մենահամերգը, թե' առաջիկայում Տավուշի և Վայոց ձորի մարզերում տեղի ունենալիք համերգներն իրականացվել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից` վերջինիս և ԿԳՄՍՆ֊ի միջև ս.թ. հունիսի 12-ին կնքված և հուլիսի 19-ին փոփոխված դրամաշնորհային պայմանագրի հենքի վրա։ ԿԳՄՍՆ-ից նշել են, որ Շիրակի մարզի փառատոնը (հետևաբար, նաև Տավուշի և Վայոց ձորի մարզերինը) իրականացվել է առանց մրցույթի` ուղիղ ֆինանսավորմամբ։

Կարճ ասած` ԿԳՄՍՆ-ն պետական միջոցներից Հ1-ին հսկայական գումարներ է բաշխել և ասել` հասարակությանն ինչքան հնարավոր է` «տժժացրու»։

Այժմ տեսնենք, որքան է արժեցել հասարակ հարկատուների վրա այդ «տժժոցներից» առաջինը` Գյումրիում կազմակեպված Թաթայի համերգը։

Բյուջեն ներկայացնում ենք երկու բլոկով, որոնցից մեկը Թաթայի համերգի ծախսային մասն է, երկրորդ ծախսային բլոկը վերաբերում է 3 մարզերում կազմակեպված համերգների վրա կատարված ընդհանուր ծախսերին, որոնք նախատեսվել են նախագծերի առաջխաղացման և բրենդավորման ծառայությունների համար։ Այս երկրորդ բլոկը, որը վերաբերում է երեք մարզերին միասին վերցրած, կներկայացնենք նաև Իջևանում և Եղեգնաձորում կայանալիք համերգային ծրագրերի ծախսերը ներկայացնելիս։

«Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի կազմակերպման ծախսեր։

Բլոկ I

Համերգային նախագիծ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում

Ծախսատեսակների անվանումը

1․ Գեղարվեստա-ստեղծագործական անձնակազմի ծառայություններ

1.1. Երաժշտախմբի և երգչի ապահովման ծախսեր (ներառյալ պարային խումբ, երաժշտախումբ, խմբերի ու գործիքների տեղափոխում, փորձերին մասնակցություն, հյուրանոցային կեցություն ) - 28 մլն 400 հազար դրամ,

1.2. համերգային ծրագրի հաղորդավար (2 հոգի) - 600,000 դրամ,

1.3. DJ ծառայություն (ներառյալ տեղափոխման գծով տրանսպորտային ծախսեր) - 400,000 դրամ,

1.4. պրոդյուսերական հիմնական աշխատանքներ - 400,000 դրամ,

1.5. պրոդյուսերական նախապատրաստական փուլի աշխատանքներ - 400,000 դրամ,

1.6. ադմինիստրատիվ անձնակազմի աշխատանքներ (4 հոգի) - 800,000 դրամ

2․ ԼԵԴ էկրանի, լուսաձայնային սարքավորումների, կոնստրուկցիաների, համերգային բեմի ապահովման, սպասարկման, տեղափոխման, տեխնիկական սպասարկող անձնակազմի կեցության ծառայություններ - 44 մլն 325 հազար դրամ

3․ ԼԵԴ էկրաններին ցուցադրելու համար թեմատիկ կոնտենտի պատրաստում - 750,000 դրամ,

4․ այլ չնախատեսված ծախսեր - 750,000 դրամ,

ԸՆԴԱՄԵՆԸ - 76 մլն 825 հազար դրամ:

Բլոկ II

Ա. ՀՀ մարզերում 3 համերգային նախագծերի առաջխաղացման ծախսեր

1.Գովազդային եւ տպագրական առաջխաղացման կազմակերպման ծառայություններ

1․1. Բիլբերդերի տեղադրում Երևանում և հարակից բանուկ մայրուղիներում, խոշոր մարզկենտրոններում (թվով 2 հատ բիլբորդ Երևանի քաղաքում, թվով 8 հատ` Երևանից դուրս) - 2 մլն 101 հազար 200 դրամ,

1.2․ Երևան քաղաքի կանգառներում սքրոլլերների տեղադրում՝ 9 կանգառ, յուրաքանչյուրում 2 պաստառ - 919,200 դրամ,

1.3․ սքրոլերների տեղադրում Երևանում և Գյումրիում ( Երևանում թվով 4 սքրոլեր միակողմանի, թվով 4 սքրոլեր երկկողմանի, Գյումրիում՝ թվով 10 սքրոլեր) - 1 մլն 428 հազար դրամ,

1.4․ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում լայթբոքս գովազդային պաստառների տպագրություն և տեղադրւմ՝ 2 կայարան, յուրաքանչյուրում թվով 2 պաստառ - 320,000 դրամ,

1.5․ ֆլայերների տպագրություն՝ 3000 հատ - 600,000 դրամ,

1.6․ Ա3 պոստերների տպագրություն՝ 200 հատ - 108,000 դրամ,

1.7․ սոցիալական մեդիայում (facebook, Instagram, ինֆլուենսերների ու առաջխաղացման անձնակազմի վարձատրություն) առաջխաղացման կազմակերպում - 600,000 դրամ,

8․ տպագրական այլ ծառայություններ բեյթ, թելով՝ 500 հատ, ՊՎՔ տոնավաճառի վրանների համար՝ 15 հատ, ՊՎՔ՝ նախատեսված կայանատեղիի համար՝ 10 հատ, հաղորդավարական թղթապանակ՝ 4 հատ, ռոլ ափ՝ 2 հատ - 836,600 դրամ,

Բ. ՀՀ մարզերում 3 համերգային նախագծերի բրենդավորման ծառայություն

1.1. Բրենդավորման աշխատանքներ (բեմի բաներներով ու սև քողարկման համար) ՝ նախատեսված թվով 3 համերգների համար- 7 մլն 600 հազար դրամ։

ԸՆԴԱՄԵՆԸ- 14 մլն 513 հազար։

Իսկ թե այսքան ծախսերի արդյունքում մշակութային ինչպիսի՞ զարթոնք է բերել Ամերիկա թռած, պետական բյուջեի միլիոնավոր դրամների հաշվին Հայաստան խոպան եկած, Հայրենիքի օրհասական օրերին ծպտուն իսկ չհանած մի ռաբիս երգչի մենահամերգը արհեստների ու արվեստների կենտրոն Գյումրիում, թողնում ենք ընթերցողի եզրակացությանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ