Փրկարարները մթության պատճառով դադարեցրել են Տավուշի մարզում Աղստեւ գետն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ նախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էին, որ փրկարարները գետից դուրս են բերել երիտասարդ տղամարդու ջրահեղձված մարմինը (Հ․ Է․` ծնված 1990 թ․)։
ՆԳՆ–ից հայտնում են, որ ժամը 15:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են գետը լողալու և կորել տեսադաշտից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, հատուկ ջրափրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 36 փրկարարական ծառայող (որից 5-ը ջրափրկարար)։ Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։ Փրկարարների կողմից երկու տեղամասում սահմանվել է հերթապահություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը