25 07 2024

3 տարի հետո հասկացաք ձեր սխալը և փորձեցիք ուղղել, բայց ունքը սարքելու փոխարեն աչքը հանեցիք․ ավագանու անդամ

3 տարի հետո հասկացաք ձեր սխալը և փորձեցիք ուղղել, բայց ունքը սարքելու փոխարեն աչքը հանեցիք․ ավագանու անդամ

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տիգրան Ավինյանի ասուլիսի ժամանակ հնչեց այն հարցը, որը ես տվել էի ս․թ․ ապրիլի 16-ին կայացած ավագանու նիստի ժամանակ: Հարցս վերաբերվում էր ասֆալտբետոնյա ծածկի տեխնիկական հսկողությանը:

Հիշեցնեմ, որ 2024թ․ տեխ. հսկողության մրցույթները հաղթում են շատ ցածր գներով, մասնավորապես՝ այն մրցույթները, որոնք կապված են ասֆալտբետոնյա ծածկի հետ: Գնիջեցումները 90% և ավելի են: Օրինակ՝ Արաբկիր վարչական շրջանի փողոցների փոսային նորոգման աշխատանքների տեխ. հսկողության նախահաշվային արժեքը կազմել է 1.500.000 դրամ, իսկ շահել են 60.000 դրամով, կամ Աէրացիա 1 շենքի բակի բարեկարգման աշխատանքների տեխ. հսկողության նախահաշվային արժեքը եղել է 1.300.000 դրամ, բայց մրցույթը շահել են 42.000 դրամով:

Բոլորս էլ հասկանում ենք, որ 42.000 դրամով հնարավոր չէ ճիշտ կամ, ես կասեի, ընդանրապես հնարավոր չէ կազմակերպել տեխ. հսկողություն: Հավելեմ նաև, որ պայմանագրի տեխնիկական բնութագրի 3-րդ կետի 1-ին մասով շինարարության սկզբից միչև ավարտն ընկած ժամանակահատվածում ամենօրյա ռեժիմով պետք է լուսանկարահանել շինարարության օբյեկտի վիճակը:

Ժամանակացույցով տեխ. հսկողության պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերին: Այսինքն՝ տեխ. հսկողության աշխատակիցները, ովքեր պետք է ստանան գոնե նվազագույն աշխատավարձ, ամեն օր պետք է գնան շին. հրապարակ՝ 8 ամիս շարունակ, ընդամենը 42.000 դրամի դիմաց: Ի դեպ, 42.000 դրամից ընկերությունը պետք է նաև հարկեր վճարի:

Տեխնիկական հսկողության բացակայության դեպքում աշխատանքները կատարվում են անորակ, ինչում կարող ենք համոզվել Երևան քաղաքում բավականին շատ փոսերի ականատես լինելով:

Իմ հարցի պատասխանը հնչեց նույնը, ինչ ասուլիսի ժամանակ.

<<Ես ընդհանուր տեխ. հսկողությունից կխոսեմ, որը չի վերաբերվում միայն քաղաքապետարանին, այլ համընդհանուր խնդիր է ամբողջ երկրում: Տեխ. հսկողության ընդհանուր մեր օրենսդրությունը ու ստանդարտները էական վերանայման կարիք ունեն, որովհետև այդտեղ շատ դեպքերում Գնումների մասին օրենքի դրույթներից օգտվելով՝ էականորեն աննկարագրելի ցածր գներով մասնակցում են տարբեր տեխ. հսկողներ, ովքեր որ օրենքի տառի տեսանկյունից, այո՛, ամեն ինչ ճիշտ կարողանում են ապահովել, բայց, այնուամենայնիվ, բովանդակության և որակի տեսանկյունից դա մեզ չի բավարարում շատ դեպքերում․․․>>։

Հիշեցնեմ նաև, որ 2018 թվականին ՔՊԿ-ն համապետական մակարդակով մրցույթների մասին օրենքը փոխեց այնպես, որ ընդհանուր 130 % երաշխիքի ապահովման պարագայում բոլորը կարող էին մասնակցել և շահել մրցույթներն՝ առանց փորձ ունենալու: Այսինքն՝ հացաբուլկեղեն արտադրողը կարող էր համապատասխան լիցենզիաներ ստանալու դեպքում զբաղվել շինարարությամբ: Այդ պարագայում հարուստներն ավելի էին հարստանում, իսկ նրանք, ովքեր չունեին ազատ միջոցներ կամ բավականաչափ գույք, բայց ունեին համապատասխան փորձ, գնում էին դեպի սնանկացում:

3 տարի հետո հասկացաք ձեր սխալը և փորձեցիք ուղղել, բայց ունքը սարքելու փոխարեն աչքը հանեցիք: Հիմա ստացվում է, որ ձեզ չի հետաքրքրում աշխատանքի որակը, ձեզ հետաքրքրում է էժան լինելը, որ ասեք՝ էսքան խնայողություն ենք արել, լա՜վ չի:

Չէ՛, լավ չի, որովհետև այդ խնայողության արդյունքում տուժում է երևանցին:

Հիմնվելով պայմանագրային գների վրա՝ գալիս եմ այն եզրահանգման, որ տեխ. հսկողություն իրականցնող ընկերությունները շահում են այդ գներով, որպեսզի գումար վերցնեն շինարարարից, ու քանի որ քաղաքապետարանը թույլ է տալիս դա, առաջանում է ողջամիտ կասկած, որ քաղաքապետարանի տվյալ ստորաբաժանումը կամ ղեկավար մարմինները նույնպես շահառու են և կաշառակերության մասնակից: Ստացվում է, որ ձեր համար տեխ․ հսկողությունը ոչ թե որակի հսկողություն է, այլ կոռուպցիոն մեխանիզմ:

Հ.Գ. Ինքս ներկայացրել եմ, թե ինչպես կարելի է լուծել քաղաքապետարանի համար անլուծելի խնդիրը, բայց չինովնիկները նույնիսկ ասելուց հետո չեն կարողանում դա իրականացնել: Փաստացի, 9%-ոց այս քաղաքային իշխանությունը լեգիտիմ չէ և պետք է հեռանա»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ