22 07 2024

Մետրոն հրաժեշտ է տալիս ժետոններին․ Sputnik

Մետրոն հրաժեշտ է տալիս ժետոններին․ Sputnik

Sputnik Արմենիա-ն գրում է․  Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում ժետոններից հրաժարվելու և վճարման էլեկտրոնային համակարգի անցնելու արդյունքում ուղևորահոսքը չի կրճատվի։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Սարգիս Մանուկյանը։

Մետրոպոլիտենում արդեն գրեթե ամբողջությամբ հանվել են ժետոնային անցարգելները (ամեն կայարանում մնացել է 1 սարք), մյուս բոլոր անցարգելներն աշխատում են QR կոդով, որը հնարավոր է գնել «TelCell» համակարգի միջոցով։

Մանուկյանի խոսքով` մոնիտորինգը ցույց է տվել, որ QR կոդերից օգտվողների քանակն ամեն շաբաթ աճում է մոտավորապես 30 տոկոսով։

Նա ընդգծեց, որ մետրոպոլիտենում տոմսերի գնման գործիքակազմի փոփոխությունը Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրի մի մասն է։ Մանուկյանը համոզված է, որ նոր գործիքակազմը շատ ավելի լավն է ու հարմարեցված է դարաշրջանի տեխնոլոգիաներին։

«Ժետոնային համակարգով, ժետոնով տոմս մարելը շատ հին տեխնոլոգիա է, ամբողջ աշխարհը հրաժարվել է դրանից։ Կարծում եմ` որևէ բարդություն չի լինելու այս տեխնոլոգիայում։ Ինչպես ժամանակին ժետոնին են հարմարվել, հիմա էլ կընտելանան այս կրիչներով տոմսերի ձեռքբերմանն ու մարմանը։ Անգամ թոշակառուները դժվարություններ չեն ունենա։ Անցումային փուլի համար դեռ կգործեն դրամարկղերը, որտեղից մարդիկ կգնեն թղթային QR կոդեր։ Իսկ հետագայում նախատեսվում է թոշակառուների համար տոմսային կրիչ դարձնել հենց իրենց կենսաթոշակի բանկային քարտը»,– ասաց Մանուկյանը։


Իսկ թե ինչու է քաղաքային իշխանությունը ընտրություն կատարել հենց «TelCell»-ի օգտին, պաշտոնյան հայտնեց, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի տոմսային համակարգի ֆինանսական օպերատոր «TelCell» ընկերությունը հաղթել է քաղաքապետարանի հայտարարած մրցույթում, որին մասնակցել է միայն ինքը։
«Տենդերը 2022 թվականին է եղել, իսկ պայմանագիրը կնքվել է 2023–ի սկզբին։ Բայց շատ կարևոր է իմանալ, որ «TelCell»-ը չի հանդիսանում Երևան քաղաքում տոմսային օպերատոր։ Տոմսային օպերատորը քաղաքապետարանն է։ Նա միայն տոմսային հասույթի հավաքագրողն է։ Բացառվում է, որ նա տոմսի մեջ տոկոս աշխատի»,– ասաց Մանուկյանը։

Ինչ վերաբերում է QR կոդերի համար մեծ ծավալով թուղթ օգտագործելուն ու բնապահպանական խնդիրներին, ապա «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ–ի տնօրենը տեղեկացրեց, որ տոմսերը տպվելու են ՀԴՄ կտրոնների սկզբունքով` տերմոպրինտով։

«Անգամ բնապահպանական խնդիրն է հասցված նվազագույնի։ Այստեղ ներկանյութ էլ չի օգտագործվում։ Բացի այդ, այդ տոմսերն ամբողջ ուղեւորափոխադրման մեջ չպետք է գերազանցեն 5-10 տոկոսը»,– ասաց նա։

Նշենք, որ «TelCell»–ը տրանսպորտային համակարգը կսպասարկի 5 տարի, այնուհետև նոր մրցույթ կհայտարարվի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ