19 07 2024

Նարեկ Նալբանդյանը հարցաքննվել է․ Սևանի ափի հյուրանոցի ձեռքբերման քրգործը կարճվել է. «Հետք»

Նարեկ Նալբանդյանը հարցաքննվել է․ Սևանի ափի հյուրանոցի ձեռքբերման քրգործը կարճվել է. «Հետք»

«Հետք»-ը գրում է.  Գործարար Նարեկ Նալբանդյանի կողմից Սևանի ափի «Հայրապետ» հյուրանոցային համալիրը շուկայականից անհամեմատ ցածր գնով ձեռք բերելու հանգամանքները պարզելու հարցով նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է։

Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննվել են սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանը, գործարար Նարեկ Նալբանդյանը և հյուրանոցի նախկին սեփականատեր, գործարար Փայլակ Հայրապետյանը։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ քրեական վարույթը կարճելու որոշումից։

Կասկածելի գործարքներով 2018 թ․-ից հետո բիզնես հաջողություններ գրանցած գործարար Նարեկ Նալբանդյանը Սևանի ափին գտնվող 6 միլիոն դոլար գնահատված հյուրանոցը սնանկության դատարանի աճուրդից ձեռք էր բերել 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով:

Նախաքննության ժամանակ Նարեկ Նալբանդյանը ցուցմունք է տվել, որ 2018-19 թթ․-երից արտադրությամբ, առևտրով և ներմուծմամբ զբաղվող «Պրոյեկ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենն է։ Ամերիաբանկում գրավադրված «Հայրապետ» հյուրանոցի ու հարակից երկու գույքի վաճառքի մասին իմացել է մի քանի տարի առաջ, հետևել է դրա արժեքին, սակայն, գինը թանկ է լինելու պատճառով, չի մասնակցել աճուրդին (1 միլիարդ դրամից ավել)։ Հետագայում տեղեկացել է, որ նույն գույքը աճուրդի է հանվել արդեն 210 մլն դրամով, ողջամիտ է համարել ու որոշել է մասնակցել աճուրդին։ Նարեկ Նալբանդյանը նշել է նաև, որ սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանին նախկինում չի առնչվել, չի ճանաչել նաև գույքի սեփականատեր Փայլակ Հայրապետյանին։ Գործարարը հայտնել է նաև, թե իբր տեղյակ չի եղել՝ ինչի համար է հյուրանոցը գրավադրված եղել, նախկինում ինչ հարցեր են եղել։

Սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանն էլ իր ցուցմունքում նշել է, որ կառավարիչ նշանակվելուց հետո հյուրանոցը ներկայացրել է գնահատման, որից հետո azdarar.am կայքում աճուրդի մասին հայտարարություն է տեղադրվել։ Աճուրդներին որևէ մասնակից չի եղել, և գույքի գինն ամեն անգամ նվազեցվել է 10 %-ով։ Ըստ նրա՝ 2021 թ․-ի մարտի 30-ի աճուրդին մասնակցել է միայն «Պրոյեկը ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն և գնել է հյուրանոցն ու մյուս գույքը։ Քրեական վարույթով հարցաքննվել է նաև գործարար Փայլակ Հայրապետյանը և պատմել, թե ինչպես են իրեն ունեզրկել։

Վարույթով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ Փայլակ Հայրապետյանին պատկանող և Ամերիաբանկում գրավադրված գույքի աճուրդ-վաճառքների ընթացքում չարաշահումներ տեղի ունենալու, այդ գույքը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերելու իրական արժեքը պարզելու, ՍՊԸ-ի տնօրեն Նարեկ Նալբանդյանի, տվյալ գործով սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանի, ինպես նաև Ամերիաբանկի աշխատակիցների միջև հնարավոր հանցավոր համաձայնության առկայությունը պարզելու նպատակով քննիչը հանձնարարություն է տվել հետաքննության մարմնին, սակայն հնարավոր չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ չեն ստացել։ Հաշվի առնելով նաև այդ հանգամանքը՝ քննիչը որոշել է կարճել քրեական վարույթը։

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն ամենակարևոր հարցը՝ բանկի, կառավարչի, գործարարի հնարավոր հանցակցության դրվագն առանձնապես չի կարևորել, բավարարվել է միայն հետաքննության մարմնին հանձնարարություն տալով և պատասխան ստանալով, որ տեղեկություններ չկան։

Գործարար Փայլակ Հայրապետյանը կարճման որոշումը բողոքարկել է վերադաս դատախազին՝ Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետին։

Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի ու նրա սանիկի՝ Աշոտ Սուքիասյանի մասնակցությամբ գործարքների հետևանքով տարիներ առաջ ունեզրկվեց գործարար Փայլակ Հայրապետյանը։ Հայաստանում ադամանդի վերամշակման բիզնես սկսելու պատրվակով Հայրապետյանի գույքը գրավադրվել էր Ամերիաբանկում, վարկեր էին ձեւակերպվել, որպեսզի Սիերա Լեոնեում (երկիր Արեւմտյան Աֆրիկայում) գտնվող եւ Աշոտ Սուքիասյանին իբր պատկանող հանքերում ներդրում կատարվեր, ադամանդ ձեռք բերվեր և փոխադրվեր Հայաստան։

Օֆշորային այդ սկանդալը 2013 թ.-ին բացահայտեց «Հետքը»։ Դրան հաջորդած քրեական գործի վերջնարդյունքում դատապարտվեց միայն Աշոտ Սուքիասյանը։ 9 տարի բանտում անցկացնելուց հետո Աշոտ Սուքիասյանը լքեց Հայաստանը` չկրելով պատժի մյուս մասը։ Այդ ընթացքում խարդախության զոհ դարձած գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանած անշարժ գույքի մեծ մասը վաճառվեց և ուղղվեց բանկի պարտքի մարմանը։ Չէին վաճառվել Սևանա լճի ափին գտնվող անավարտ հյուրանոցային համալիրը և հարակից ևս երկու գույք։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ