16 05 2024

Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ

Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ

Կանադահայոց թեմի կանոնադրության համաձայն՝ թեմի վարչական և Ֆինանսական հարցերի մասին որոշումները կայացնում է թեմական խորհուրդը և ոչ թե առաջնորդը, ուստի վերագրել առաջնորդին զանցանքներ, որոնց իրավասությունը նա չի ունեցել կանոնադրության համաձայն, հերյուրանք է և զրպարտություն:

Անդրադառնալով թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անվան շուրջ տարածվող տեղեկություններին՝  հաղորդագրություն է տարածել Կանադահայոց թեմի առաջնորդարանը։ 

«Անարդար է հետադարձ կատարել այդ օրերի հատուկ հարցերին և երևույթներին՝ առանց մանրամասնելու բոլոր տվյալները։ Վստահաբար կարող ենք շեշտել, թե Գերշ. Տ. Բագրատ Սրբազանը տքնաջան աշխատել է լավագույն լուծումների հանգելու համար։

Հատուկ օրինակների շարքին, տեղին չէ մատնանշումներ կատարել «իր վարած ինքնաշարժի արժեքին», քանի որ ինքնաշարժը պատկանում է Թեմին և ոչ թե անձնապես Առաջնորդին, որի արժեքը որոշվում և հաստատվում է թեմական օրինաչափություններով և կարգավորումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Առաջնորդարանը նաև անդրադարձել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ նշելով, որ համայն հայ ժողովրդի կողքին Կանադայի հայ համայնքը ևս խոր մտահոգությամբ և ուշադրությամբ հետևում ենք հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին։

«Ակնհայտ է, որ «Տավուշի շարժումը» որը գլխավորում է  Տավուշի Թեմի Առաջնորդ Գերշ. Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով նախապես պաշտոնավարել է, որպես Կանադահայոց Թեմի Առաջնորդ, հրապարակային տարբեր փոխանակումների ընթացքին, հաճախ անտեղի ակնարկություններ են կատարվում Սրբազանի անձի վերաբերյալ, անդրադարձներ կատարելով նրա Կանադայում պաշտոնավարմանը։

Մեզ ուղղված բազմաթիվ հարցերին արդարորեն պատասխանած լինելու համար, հաստատում ենք հետևյալը՝ արքեպիսկոպոս Գալստանյանը 2003-2013 տարիներին պաշտոնավարել է որպես Թեմի երրորդ Առաջնորդ։

Կանադահայոց Թեմը անցել է կազմավորման հաջորդական բազում դժվար հանգրվաններով, որոնցից է նաև անկասկած Բագրատ Սրբազանի պաշտոնավարության շրջանը։ Հեշտ է ազատորեն կատարել լուրջ զրպարտություններ ու քննադատություններ թեմը գլխավորած առաջնորդի հասցեին՝ առանց ունենալու արծարծվող խնդիրների բոլոր մանրամասնությունները։ Իրականում, Բագրատ Սրբազանն իր 10 տարիների պաշտոնավարության շրջանում, բացի թեմական ընթացիկ աշխատանքներից, տքնաջան գործունեություն է տարել հաջողության հասցնելու հատկապես եկեղեցաշինական աշխատանքները»,-ասված է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ