15 05 2024

Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել

Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած՝ սահմանազատման հանձնաժողովի կողմից պաշտոնեական լիազորությունների վերազանցելու փաստի առթիվ ներկայացված հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել են դատախազությունից։

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել ապօրինի սահմանազատման փաստով։

«Մեր ներպետական գործընթացները նախատեսում են, որ ՀՀ սահմանը կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա, որը, եթե կնքվում է, այնուհետև պետք է հաստատվի Սահմանադրական դատարանում և վավերացվի ԱԺ-ում։ Բացի այդ, Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են ՀՀ սահմաններին, պետք է ընդունվեն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ եթե որևէ մի տեղ ՀՀ սահման է որոշվում, ապա այդ փաստաթուղթը ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ և պետք է անցնի բոլոր ներպետական ընթացակարգերը, որոնցից որևէ մեկը չի անցել։ Այն հանձնաժողովը, որը դրանով զբաղվում է, իր վրա պարտավորություն է վերցրել, որ այն սահմանագծումը, որը տեղի կունենա երկու հանձնաժողովների աշխատանքի արդյունքում, կհամարվի սահմանազատված, ինչը կոպտագույն խախտում է բոլոր օրենքների և մեր բոլորի իրավունքների»,-հայտարարել է Ավետիք Չալաբյանը՝ մանրամասնելով հանցագործության մասին հաղորդման բովանդակությունից։

ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ