Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կնքահայր էի: Որոշեցինք սանիկներիս մկրտության արարողությունը Սևանի կղզու եկեղեցում անել: Առավոտյան մի քանի մեքենաներով ճամփա ընկանք: Տեղ հասանք, բարձրացանք կղզի և… Այ քեզ անակնկալ, պարզվեց՝ ոչ մի հոգևորական չկա: Մոմավաճառն ասաց, որ միայն շաբաթ-կիրակի են տեղում լինում: Շատ տհաճ իրավիճակ էր: Չգիտեի, թե ինչ էր պետք անել:
Հանկարծ ինչ-որ մեկն ասաց, որ ներքևում՝ Վազգենյան դպրանոցում, մի հոգևորական կա, բայց նա էլ հիվանդ է: Որոշեցի, այնուամենայնիվ, գնալ նրան տեսնելու: Մտա իր կացարանը: Իսկապես պառկած էր: Ասացին՝ ամբողջ մարմնում ցավեր կան, շարժվել ընդհանրապես չի կարողանում: Ներողություն խնդրեցի, արդեն դուրս էի գալիս, հիվանդն ինձ ձայն տվեց: Մոտեցա: Հարցրեց՝ ի՞նչ խնդիր կա: Բացատրեցի կացությունը: Մի պահ մտածեց, ապա ասաց. «Եթե կարողանաք ինձ բարձրացնել կղզի, ես արարողությունը կանեմ»:
Ընկերս՝ Վահրամը, հրաշալի վարորդ է: Ասաց. «Ես իմ Նիվայով կբարձրացնեմ մինչև կղզու գագաթը»: Եվ իսկապես, բարձրացրեց: Մկրտությունը կայացավ: Ողջ ընթացքում նայում էի, թե ինչպես էր Հայր Սուրբը գերմարդկային ճիգերով զսպում մարմնի ցավը: Դեմքը քրտինքով էր պատվել: Նայում էի ու ինձ անսահման մեղավոր էի զգում:
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ: Ընդամենը խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը