23 04 2024

Նման նախադեպ երբևէ չի եղել. ՀԺՄ-ն՝ հուշահամալիրի մուտքը լրագրողների դիմաց փակելու մասին

Նման նախադեպ երբևէ չի եղել. ՀԺՄ-ն՝ հուշահամալիրի մուտքը լրագրողների դիմաց փակելու մասին

 

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․

 

«Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրութուն, ըստ որի՝ «ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային» (Այն բաց կապուղիով ուղիղ եթերում հեռարձակելու է Հանրային հեռուստաընկերությունը)։ Նույն հաղորդագրությամբ նշվում է, որ վարչապետի աշխատակազմը միջոցառումը լուսաբանելու նպատակով հավատարմագրելու է միայն լուսանկարիչների, իսկ ԶԼՄ բոլոր ներկայացուցիչների մուտքը հուշահամալիր բաց կլինի 09։30-ից։ 

Սա Հայաստանի գործող իշխանությունների կողմից տեղեկատվություն ստանալու սահմանափակման, մասնագիտական աշխատանքի լիարժեք կատարման հերթական աղմկոտ, ամոթալի արտահայտությունն է: Ավելին, նման նախադեպ երբևէ չի եղել: 

Իշխանություններն իրենց այդ անթույլատրելի որոշմամբ ի ցույց են դնում իրենց վախերը, և, ամենակարևորը՝ լրատվամիջոցների, լրագրողի աշխատանքի նկատմամբ իրենց վերաբերմունքը:

Պաշտոնյաների մասնակցությունը նման միջոցառումներին բոլոր դեպքերում լինում է արարողակարգային, և տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության՝ հայտարարության մեջ նշված հիմնավորումը պարզունակ դատարկաբանություն է։ Նման միջոցառումների արարողակարգային բնույթը որևէ կերպ չի սահմանափակում այլ ԶԼՄ ներկայացուցիչների կողմից լուսաբանելու հնարավորությունը, անհրաժեշտությունն ու կարևորությունը։

Ընդ որում, այս գործելակերպը՝ մամուլի դեմ արդեն նաև գերեզմանատներն ու հուշարձանների, հուշակոթողների տարածքները փակելը, կառավարության համար դառնում է գործելակերպ։

Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն։

Իրեն «ժողովրդավարության բաստիոն» հռչակող երկրի իշխանության կողմից նման քայլերը, հատկապես՝ դրանց հետևողական բնույթը, վկայում են իրականում ժողովրդավարական արժեքների ոտնահարման, այդ թվում ու առաջին հերթին՝ մամուլի, խոսքի ազատության դեմ սանձարձակ քայլերի մասին։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Կառավարության  հակաժողովրդավարական այս գործելաոճը և պահանջում է անհապաղ վերանայել մամուլի դեմ ուղղված այս որոշումը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տալ ազատորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները՝ առանց ժամային սահմանափակումների»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ