22 04 2024

Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմեց գործարարներին

Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմեց գործարարներին

«Ես ճգնությունից չեմ վախենում։ Ուրեմն խնդիրը ճշմարտությունն է և ճշմարտությունը ոչ մի ձևով չի նահանջելու՝ անկախ նրանից՝ ինչ կանեն, ինչ չեն անի, կապ չունի։ Այս ամբողջ շարժումը հանուն Աստծու է, հանուն հայրենիքի, հանուն արդարության ու ճշմարտության»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Նա նշեց, որ այս ժողովուրդը խաբված է. «Այստեղ մեծ սուտ է խոսվել, շատ մեծ սուտ և այդ ստի պատմությունը պետք է չեզոքացնենք։ Այս ժողովրդին խաբել են, խաբված է, մարդը խաբել է, 2021 թվականին եկել ու այս մարդկանց քվեները գողացել է՝ մի բառ չսելով, թե ինչ է այստեղ տեղի ունենալու։ 2024 թվականին փոխարենը գա ու ներողություն խնդրի, ահաբեկում է, վախեցնում պատերազմով»։

Լրգարողները նշեցին, որ այսօր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պետք է հանդիպի Տավուշի վարչական շրջանների ղեկարների հետ։

«Ես Մհեր Գրիգորյանին որևէ ասելիք չունեմ, նրա հետո որևէ անելիք չունեմ։ Կանչել են մեր վարչական ղեկավարներին՝ փորձելով ողջ գործընթացը տեղափոխել այդ մարդկանց, մեր վարչական ղեկավարների պատասխանատվության դաշտ, այսինքն ամեն ինչում, ինչ էլ տեղի ունենա, իրենք լինեն առաջին պատասխանատուն բոլոր առումներով։ Սա հանցագործություն է, վարչական ղեկավարներն ի՞նչ պետք է անեն, այդ մարդկանց պետք է համոզե՞ն, թե պետական սահմանն ինչպե՞ս պետք է լինեի, միջպետական հարաբերություններն ինչպե՞ս պետք է լինեն։ 
Արդեն հող են նախապատրաստում բոլոր առումներով, որ այս մարդկանց պատասխանատվության դաշտ տեղափոխեն։ Սա անընդունելի է։ Սա ամբողջ հայոց պետականության հարցն է։ Հարցը պետք է լուծվի ՀՀ օրենքների համաձայն, միջազգային պայմանագրերի սկզբունքներով»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։

Սրբազանը դիմեց գործարարներին. «Սա որևէ իմաստով տեղական խնդիր չէ, սա հայոց պետականության հարցն է, այն պետականության, որի մեջ դուք ապրում եք, կենացներ եք խմում, արժեքներ ստեղծում։ Ձեր ճշմարտությանը տեր կանգնեք։ Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել։ Բոլորին եմ ասում»։

Բագրատ Սրբազանը դիմեց նախկին ու ներկա զինվորականներին. «Նախ որևէ ապօրինի գործ չեք անելու։ Ձեր համազգեստը ձեր պատիվն է, որը հարգում ենք։ Սա ձեր պահած հայրենիքն ու պետությունն է։ Ձեր ձայնը, ներկայությունը բարձրացրեք ու ցույց տվեք։ Չի կարող հայոց զինվորականությունը, հատկապես նախկին, լուռ մնալ։ Արցախը հանձնվեց, կերան Արցախը, հիմա անցել են Տավուշ, վաղը գալու է  Տիգրանաշենը։ Մեր պետությունը դառնալու է  հուշ ու երազ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ