29 02 2024

Ապրիլի 1-ից կմեկնարկի եռամսյա հավաքը

Ապրիլի 1-ից կմեկնարկի եռամսյա հավաքը

2024թ. ապրիլի 1-ից մինչև հունիսի 28-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։

Այս մասին որոշումն ընդունված է կառավարության այսօրվա՝ փետրվարի 29-ի նիստի օրակարգի չզեկուցվող բաժնում։

Հիմնավորան մեջ նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու, ինչպես նաև վարժական հավաքների ապահովման նպատակով ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու անհրաժեշտությամբ:

Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքների անցկացումը պլանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի համապա­տասխան որոշմամբ, դրանց նպատակն է պահեստազորում ունենալ առավել պատրաստված պահեստազորայիններ, վարժական հավաքներին ներգրավելու միջոցով բարձրացնել պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը, այդ թվում նաև՝ մարտական հերթապահության կրման պատրաստվածության աստիճանը: Բացի այդ, վարժական հավաքների ապահովման, այդ թվում նաև՝ ձևավորված առաջնագծում ինժեներական աշխատանքների կատարման նպատակով, անհրաժեշտություն է առաջացել ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավել համապատասխան տեսակի և քանակի տրանսպորտային միջոցներ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ