26 02 2024

Նիկոլ Փաշինյանին դատելու են արցախցի երեխաները. 168․am

Նիկոլ Փաշինյանին դատելու են արցախցի երեխաները. 168․am

168․am-ը գրում է․ Եվ ուրեմն՝
Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե Արցախի Հանրապետությունը,
Կեցցե Հայոց բանակը,
Կեցցե Հայոց կամավորը,
Կեցցե Հայոց սփյուռքը,
Կեցցե Հայ ժողովուրդը:
Եվ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում, Ազատ և Երջանիկ Արցախում:
Փառք հերոսներին:

Այս խոսքերով Նիկոլ Փաշինյանը եզրափակել է 2020 թվականի հոկտեմբերի 14-ին ժողովրդին հղած իր ուղերձը։

44–օրյա պատերազմի ամենաթեժ այդ օրերին Արցախը դեռևս Հայաստան էր, և վերջ, Ադրբեջանը դեռևս ոչ թե «հարևան» էր, այլ թշնամի, Թուրքիան՝ ոչ թե նախագահի երդմնակալությանը մեյմունություն անելու տեղ էր, այլ Արցախ վարձկան ահաբեկիչներ տեղափոխած ու հայոց ցեղասպանությունն այդպիսով շարունակող բարբարոս։ 2020 թվականի այդ ուղերձը երևի վերջին հրապարակային խոսքն էր, որում Նիկոլ Փաշինյանն արտաբերել է «Արցախ» անվանումը։


Դրանից հետո շատ ջրեր են հոսել, Հայոց բանակն այլևս չի փառաբանվել, Հայոց կամավորն այլևս դարձել է հարկատուների վճարած հարկերից կախված մեկը, Հայոց Սփյուռքն այլևս դուրս է մղվել ներհայկական օրակարգից և հիմա գտնվում է «պետականամետ Սփյուռք դառնալու» ճանապարհին, և ընդհանրապես «հայոց» հասկացությունն այլևս դարձել է հին ու «դրսից պարտադրված հայրենասիրության մոդելի» մնացուկ ու հիմա ակտիվորեն վերափոխվում է հայաստանյանի։

Ժամանակին աղքատությունից մինչև աշխատասիրություն՝ ամեն ինչի պատճառը մարդկանց ուղեղներում փնտրող Նիկոլ Փաշինյանի ուղեղում այս տրանսֆորմացիաները տեղի են ունեցել ընդամենը երեք տարիների ընթացքում։ Բայց բոլոր բոցաշունչ ելույթներն ավարտող այդ վերջաբանի առաջին յոթ տողերն այս կամ այն չափով քաղաքական են, կամ աշխարհաքաղաքական, կամ պատմական։ Մինչդեռ  ամենավերջին՝ ութերորդ տողը, էլի քաղաքական ու քարոզչական լինելով, այդուհանդերձ խիստ մարդկային է՝ ուղղված է ու վերաբերում է երեխաներին, նրանց առջև պատգամ է ու խոստում։

Եվ եթե առաջին յոթ տողերի համար պատասխանատվությունը կարող է և պետք է լինի քաղաքական, ապա ամենավերջին տողի համար Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին պետք է պատասխան տա մարդկային, մարդկային բարոյականության հարթությունում, եթե անգամ ամբողջությամբ զրկված է դրանից։

Եվ ուրեմն Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինին ու Բայդենին, Էրդողանին ու Ալիևին, Մակրոնին ու Բորելին աշակերտաբար տրվող իր պատասխաններից առաջ, կամ թող լինի դրանցից հետո, պետք է պատասխանի արցախցի երեխաների, թող լինի արցախցի ընդամենը մեկ երեխայի։ Պետք է պատասխանի նրա հարցին՝ առանց հարցը հնչելու։ Պետք է պատասխանի, թե ինչո՞ւ նա այլևս չի ապրում ազատ ու երջանիկ Արցախում, ու ինչո՞ւ են նրա հոր, եղբոր կամ պապիկի գերեզմանները մնացել անազատ ու դժբախտ Արցախում…

Անհարց այդ հարցուպատասխանը երբևէ պետք է տեղի ունենա, բայց այդպես էլ չի կայանում այն պատճառով, որովհետև արցախցի երեխան պալատական ծանրաքարշ լրագրող չէ, ոչ էլ եվրոպացի լղար դիվանագետ, և նրա հայացքից հնարավոր չէ պաշտպանվել անգամ հազար թիկնապահով։
Նիկոլ Փաշինյանին դատելու են արցախցի երեխաները, նրան դատելու է արցախցի միակ այն երեխան, որ երբևէ լուռ հարցնելու է, թե ինչու ինքը չի ապրում ազատ ու երջանիկ Արցախում։

Դա լինելու է անդատավոր ու անփաստաբան դատավարություն ու դատավճիռը լինելու է ծանրագույնը, եթե անգամ դատվողի մեջ մարդ չի մնացել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ