Հունվարի 19-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։
ՆԳՆ-ից հայտնում են, որ խորհրդակցությանը ներկա էին ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։
Վահե Ղազարյանն անդրադարձել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության գործունեությանը: Նա հանձնարարել է ակտիվացնել բնակչության շրջանում բացատրական աշխատանքը` ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Նախարարը առանձնահատուկ կարևորել է հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև կանխարգելիչ հետևողական միջոցառումները:
Վահե Ղազարյանն ընդգծել է հատկապես ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում կարգապահության բարձրացման կարևորությունը՝ առանձնահատուկ շեշտելով բռնության ցանկացած դրսևորման բացառումը։
Նա անդրադարձել է նաև ատեստավորման գործընթացին, խոսել փուլերի հաղթահարման արդյունքում ծառայողների սոցիալական երաշխիքների բարձրացման հնարավորությունների մասին։
Անդրադառնալով ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազման միտումին՝ Վահե Ղազարյանը խոսել է պարեկային ուժեղացված ծառայությունների կազմակերպման ու անցկացման խնդիրների մասին, նշել առկա թերություններն ու բացթողումները և դրանց վերացման ուղղությամբ տվել համապատասխան հանձնարարականներ:
ՆԳ նախարարը խոսել է նաև նոր ձևավորվող Քրեական ոստիկանություն ընդունելության և սահմանված չափորոշիչների մասին։
Խորհրդակցության ավարտին Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանն անդրադարձել է առկա թերացումներին և տվել առարկայական ցուցումներ՝ պահանջելով դրանք իրականացնել ողջ ծավալով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը