25 11 2023

Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվել է իր պաշտոնում

Էդվարդ Միլիտոնյանը վերընտրվել է իր պաշտոնում

Հայաստանի գրողների միության 20-րդ համագումարի ընթացքում, որը տեղի է ունեցել նոյեմբերի 25-ին, բաց քվեարկությամբ և միաձայն միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը։ 

Նշվում է, որ Միլիտոնյանը ներկայացված միակ թեկնածուն էր:

Ամփոփելով միության հինգ տարվա ընթացքում կատարած աշխատանքը՝ նա ասաց, որ այն եղել է բազմաբնույթ, ներկայացվել է ինչպես «Գրական թերթ»-ում, այնպես էլ լուսաբանվել է լրատվամիջոցներով: Ամեն վեց ամիսը մեկ ՀԳՄ նախագահը ներկայացրել է կիսամյակային հաշվետվություն, որը բավարար է գնահատվել։

«Գրողների միության ձևավորած գրական մթնոլորտը նպաստել է կազմակերպելու ոչ միայն ավանդական տարատեսակ միջոցառումներ Երևանում, մարզերում, սփյուռքում, այլև կյանքի հրամայականով ավելացած նոր միջոցառումներ։

««Գրական թերթը» մշտապես տպագրում է գրողների կարծիքներ, հոդվածներ, հրապարակախոսական նյութեր, որոնք արտացոլում են ժամանակակից կյանքի հուզող խնդիրները, և յուրաքանչյուր գրող պատասխանատու է իր խղճի և գրչի առջև։

Երբեմն կան մարդիկ, որ գրողներից պահանջում են անել այն, ինչ պետական մարմինները, կուսակցությունները, տարատեսակ միավորումները, խմբերը, հարկ է, որ իրենց ծրագրերով իրագործեն։ ՀԳՄ նախագահությունը 44-օրյա պատերազմից հետո իր հասարակական պարտքն է համարել արտահայտել հայրենիքի առջև կանգնած խնդիրները, այդ խնդիրների լուծմանը ի պաշտոնե ընտրված, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների մասին իր վերաբերմունքը»,-շեշտեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ