22 11 2023

Ստացվում է՝ Արցախի «Ազգային հերոսի» կոչում և «Մարտական խաչ» ստացած զինծառայողները պատվովճար չեն ստանա․Մինասյան



ԱԺ-ում քննարկվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրեց, որ այս փաթեթի շրջանակներում ԱԺ է ներկայացվել նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու փաթեթը։ Ըստ նախարարի՝ դրանով կկարգավորվի Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց զինպարգևավճարներ և պատվովճարներ նշանակելու հարցը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց․ «Այս փաթեթը երկու նախագիծ էր իր մեջ ներառում։ Սակայն երեկ արդեն հանձնաժողովի նիստում այս փաթեթում ավելանում է նոր նախագիծ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն, ըստ էության, խորհրդարանում առաջին ընթերցմամբ չի ընդունվել։ Եվ սա խնդրահարույց է։ Ստացվում է, որ հիմա, եթե քվեարկվի, կստացվի մի օրենքի նախագիծ, որը մեկ ընթերցմամբ կընդունվի ամբողջությամբ։ Առաջին հայացքից թվում է, որ շատ լավ է, որ բոլոր պատվովճարների մասով կարգավորում կա, բայց սկզբունքային հարցը հետևյալն է՝ Արցախի Հանրապետության Ազգային հերոսի և Մարտական խաչի ասպետի կոչումով պարգևատրված անձինք այս կարգավորումից դուրս են մնում՝ ի տարբերություն մարտական գործողություններին մասնակցած, Արցախում ծառայած մեր հայրենակիցների։ Սա լուրջ խնդիր է, այս նախաձեռնությունն այս տեսքով բերելուց առաջ նախապես գոնե պետք է քննարկումներ անցկացվեցին ու լուծումներ առաջարկվեին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ