Հատված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզից․
«Մարգարեն մեզ ասում է ․ «Երկրի հիմքերը ցնցվեցին։ Երկիրը շփոթի ու խռովութեան մեջ ընկավ։ Երկիրը պիտի տագնապի,տարակուսի և խոնարհվի։ Երկիրը պիտի շարժվի ու ցնցվի, ինչպես այգու պահապանի տնակ, հարբածի ու երերվողի պես պիտի գլորվի և պիտի չկարողանա ոտքի կանգնել, որովհետև նրա վրա ծանրացել է անօրենությունը» (Եսայի 24։18-20)։
Մեզ վրա մեր անօրենություններն են ծանրացել։
Մեզ վրա առաջնորդության անօրենությունն է ծանրացել, մեզ վրա վախի անօրենությունն է ծանրացել, ստի անօրենությունն է ծանրացել, կեղծիքի անօրենությունն է ծանրացել, դավաճանությունն ու ուրացումը դիվանագիտության տեղ ներկայացնելու անօրենությունն է ծանրացել, մեր նահատակ եղբայրների սխրանքը «ոչինչ» և «անպատասխանատվություն» համարելու անօրենությունն է ծանրացել։
Այդ պատճառով էլ մենք Հայրենիքը կարմիր թելով փաթաթված՝ այդ ամբողջ արյունով, զոհաբերությամբ ու սխրանքով, ինքնընծայեցինք թշնամուն՝ թե՛ ներքին, և թ՛ե արտաքին։
Եվ մեր միակ ճանապարհն այս բոլորը գնահատելն է, ճշմարտության հետ հաշտ լինելն է, նրանից չվախենալն է, դարձի գալն է՝ զղջալով դարձի գալն է, խոստովանությամբ դարձի գալն է, և ոչ թե մահվան մասին մտածելն է, այլ անմահության մասին, ոչ թե այս կամ այն ճանապարհով դեպի մահ ընթանալու մասին մտածելն է, այլ մտածելը, որ մենք ընթանում ենք դեպի անմահություն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը