Նոյեմբերի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հրեշտակապետների և երկնային զորքերի տոնը։ Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Պատարագիչն էր Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Գիշյանը։
Պատարագի սրբազան արարողությանն ուխտավորաբար իրենց մասնակցությունն էին բերել Երևանի N 1 տուն-ինտերնատի բնակիչները և Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության անդամները՝ ուղեկցությամբ Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Օրդոյանի և Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանի։
Պատարագից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի ուսումնական մասնաշենքում ինտերնատի տարեցներին ընդունեց և իր հայրական օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց տուն-ինտերնատի տնօրինությանը և բոլոր այն անձանց, որոնց հոգածությամբ իրենց արժանապատիվ խնամքն են ստանում հաստատության բնակիչները։
Իր բարեմաղթանքները փոխանցելով տարեցներին՝ Վեհափառ Հայրապետը հորդորեց գնահատել իրենց խնամքն իրականացնող հոգատար անձանց, ապրել աստվածային սիրով, հույսով, հավատքով և առ Աստված աղոթքներով։
Նորին Սրբությունն իր մասնավոր գնահատանքը բերեց նաև քահանա հայրերին հաստատության բնակիչների հոգևոր կարիքների հոգածության և Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու երիտասարդաց միության անդամներին տուն-ինտերնատ մշտական այցելությունների համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը