26 09 2023

Եվրամիության դրամաշնորհով «բարեփոխված» ոստիկանությունը. Լիլիթ Գալստյան

Եվրամիության դրամաշնորհով «բարեփոխված» ոստիկանությունը. Լիլիթ Գալստյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․

«ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ «ԲԱՐԵՓՈԽՎԱԾ» ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր կարմիր բերետավորներն առանձնակի «բարձրության» վրա էին։

Առավոտյան, Գ․ Լուսավորիչ փողոցի վրա, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բողոքի խաղաղ ակցիան էին իրականացնում ՀՀ մի շարք քաղաքացիներ։ Պարեկային ոստիկանությունն իրազեկում է, որ ակցիայի համար տրամադրվում է 10ր ողջամիտ ժամկետ, ինչը չի առարկվում կամ անհնազանդության արժանանում մասնակիցներից որևէ մեկի կողմից։

Առավելագույնը երկու- երեք րոպեից ահաբեկող ձայնայանին ազդանշաններով, վազքով ու առանձնակի ցասումնալից դեմքով, ասես՝ թուրք վարձկան են վնասազերծում, ցուցարարներին է մոտենում ՀՀ ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատը Մեսրոպ Միքայելյանի առաջնորդությամբ։ Մոտենում եմ՝ ասելու, որ ժամկետը չի լրացել։ Սա անգամ չի բարեհաճում կանգ առնել ու խոսել։

Էս համազգեստը նիկոլի հրամանից էքստազի մեջ է, չի հասկանում կամ չգիտի՝ ինքը հրաման կատարող է, գործիք, ես՝ առաջնային մանդատի կրող, ժողովրդի ձայն․․․Չի հասկանում, որ իմ ու մեր ժողովրդի քրտինքով է վարձատրվում․․․

Հետո սկսվում է իրենց բնորոշ որսը․ խաչմերուկում որևէ մեկը չկա․ բայց հանձնարարված է․ խաչմերուկից տասնյակ մետր հեռու գտնվող մայթերից՝ բիրտ, կենդանական վարքով մարդ են առևանգում, «վնասազերծում»։ Տղաները աշխատում են։ Իրականում, պատկերը թե զավեշտական է, թե՝ ողբերգական․․․

Սա ամենաթողություն է, սա անսահման ցինիզմ է ՀՀ քաղաքացու և ՀՀ օրենսդրության նկատմամբ, սա պետության նվաստացում է․․․

Սրանք հետո զարմանում են, որ իրենց բորենի, յաշմա կամ ենիչերի են անվանում։

Այսօր այս պատկերն համատարած էր, ցավոք, ինչպես միշտ, գնալով բիրտ ու վայրի․․․

Եվ սա միջազգային և հատկապես Եվրամիության դրամաշնորհով «բարեփոխված» ոստիկանությունն է։

Իսկ Եվրամիության գրասենյակը, միջազգային կազմակերպություններն ու հատկապես արևմտյան դեսպանատները լռում են։ Հիմա իրենց սա է ձեռնտու․․․ժողովրդավարությունն էլ հիմարների համար խայծ էր, փողեր լվանալու թեմա։

Լռում եք, որովհետև ժողովրդավարությունն ընդամենը քող էր Հայաստանը դավաճանելու ու Արցախը ծախելու համար։ Ձեզ հաջողվեց, պարոնայք․․․

Դուք, այստեղ պարարտ հող ունեք, որովհետև ձեր գարշելի ծրագրերը կյանքի կոչող նիկոլ եք բուծել, նրա բռնապետությունը պահող ոստիկանություն, ու նրան հավատացող, թունավորված ու մոլորյալ ամբոխ։ Սա այնքան ակնհայտ է։

Եվ, այնուամենայնիվ, ջոմարդյաններ, մեսրոպներ, սև ու կարմիր բերետավորներ, ասֆալտին փռելու ու ասֆալտ ուտացնելու նիկոլի հրանգն այդքան թանկ է՞ խղճից, սպայի երդումից, Հայրենիքի ապագայից, բորենի ու ենիչերի պիտակվելուց․․․

Իսկապե՞ս, ոհմակով շրջելն ու հայ մարդուն գետնին ծփելը ձեզ «ու՞ժ» է տալիս, հպարտությու՞ն թե՞ ինքնավստահություն․․․Փորձեք մենակ ուժեղ լինել, տեսակով ու բովանդակությամբ ուժեղ․․․

Ձեզ՝ ինձ կամ որևէ քաղաքական ուժի սատարելու կոչ չեմ ուղղում, իմ խոսքը մարդ լինելու ու Հայրենիքին ծառայելու մասին է։

Դուք, ինքներդ ձեր հետ մենակ չե՞ք մնում, չե՞ք առերեսվում մեր ողբի ու ցավի հետ, չե՞ք տեսնում, թե ում և ինչին եք ծառայում։

Այդպիսի մի «ծառայող» էլ կար՝ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը․․․

Նաև հիշեք, որ նիկոլից հետո այնուամենայնիվ կյանք կա․․․

Հ․Գ․

Ամեն ինչ անելու եմ, որ մաքրվող Հայաստանում այսպիսի բովանդակությամբ ոստիկանություն չլինի, որ հայ մարդը ոստիկանական համազգեստ կրողից չնողկա․ դուք ամեն ինչ անում եք, որ այդպես լինի։

Հ․Գ․ Հիշեք նրանց...»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ