Ծաղիկ Վարդանյանը վերականգվել է Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, կից ներկայացնելով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, որտեղ մասնավորապես ասված է․
«Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ, ՀՀ վարչական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 11-ի թիվ ՎԴ/0729/05/22 վճռով հրամայում եմ Ծաղիկ Վարդանյանին 2023 թվականի օգոստոսի 8-ից վերականգնել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի (ծածկագիրը 11-34.2-Ղ2-1) պաշտոնում: Ծաղիկ Վարդանյանին վճարել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի (ծածկագիրը 11-34.2-Ղ2-1) պաշտոնում հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը 2022 թվականի հունվարի 12-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 8-ը»,- նշված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ազատվել էր աշխատանքից անցյալ տարի: Նրան հայտարարվել էր երկու խիստ նկատողություն, որից հետո Անահիտ Ավանեսյանը նրան աշխատանքից ազատել է։ Վարդանյանը դիմել էր դատարան, վիճարկելով Անահիտ Ավանեսյանի որոշման օրինականությունը։ Դատարանը որոշում է կայացրել վերջինիս իր պաշտոնում վերականգնելու և վնասը փոխհատուցելու մասով։
Այդ պաշտոնը Ծաղիկ Վարդանյանը զբաղեցնում էր 2017 թվականից, իսկ մինչ այդ Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետն էր:
Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Հարգելի ընկերներ, երկարատև պայքարից հետո ես վեդականգվել եմ ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնում։
Շնորհակալություն իմ բոլոր ընկերներին այս ընթացքում աջակցության համար։
Gyurjyan & Partners իրավաբանական կազմակերպությանը շնորհակալ եմ արհեստավարժ աշխատանքի համար։
Հուսով եմ, որ իմ աշխատանքային գործունեությանը վաղվանից սկսած արհեստական խոչընդոտներ չեն առաջացնի‼️
Հ.Գ. Եթե որոշել եք ավելի բարեկարգ կաբինետ տրամադրել, ես այն կհամարեմ բարի կամքի դրսևորում, եթե ոչ՝ հուսով եմ, որ ՊԱԳ-ի պետի նախկին կաբինետը կարգի բերված կլինի
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը