«Հետք»-ը գրում է. «44-օրյա պատերազմից մինչև այս պահն ադրբեջանական ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից շուրջ 20 քկմ են օկուպացրել Կապան խոշորացված համայնքի Ներքին Հանդ-Ծավ հատվածում: Այս հետեւությանն ենք եկել՝ ուսումնասիրելով ադրբեջանական զինված ստորաբաժանումների մարտական հենակետերի տեղադրությունը ՀՀ սուվերեն տարածքում: Օկուպացիան կամ զավթումը տեղի է ունեցել փուլ առ փուլ:
Չնայած Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դելիմիտացիա եւ դեմարկացիա չի արվել, տարբեր առցանց քարտեզներում, ինչպիսին է, օրինակ, «Google Maps»-ը, երկրների տարածքները տարանջատված են որոշակի սահմաններով, որոնք ժառանգություն են մնացել խորհրդային տարիներից: Հենց այս սահմանների եւ ՀՀ տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի միջեւ ընկած տարածությունն ենք չափել՝ որոշելու, թե որքան տարածք են օկուպացրել ադրբեջանցիները 2020 թ. պատերազմից հետո:
Կարմիրով նշված են հայկական, կապույտով՝ ադրբեջանական, իսկ մանուշակագույնով՝ գրավված հայկական դիրքերը. օկուպացված տարածքը դեղին է
Կապան քաղաքի եւ համանուն խոշորացված համայնքի կազմում ներառված գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացումն սկսվեց 2020 թ. դեկտեմբերին: Նոյեմբերի 9-ի հրադադարից հետո հայկական ուժերը գտնվում էին համեմատաբար բարենպաստ դիրքերում եւ Կապանն ու կից գյուղերը նրանց թիկունքում էին: Միաժամանակ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետով ամրագրվում էր, որ կողմերը (Հայաստանն ու Ադրբեջանը) կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:
2020 թ. դեկտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարում էր, թե բացի նոյեմբերի 9-ի հայտարարությունից՝ «որեւէ հավելված, այլ փաստաթուղթ եւ այլն, էդպիսի բան գոյություն չունի»:
Եթե ընդունենք, որ այդ պահին որեւէ այլ գրավոր փաստաթուղթ չկար, ապա բանավոր պայմանավորվածություն գոյություն ուներ, ինչի մասին Փաշինյանը նախընտրում էր լռել: Ընդամենը 4 օր անց՝ դեկտեմբերի 13-ին, ԱԽ նիստում նա հայտարարեց, որ Ղուբաթլուի ու Զանգելանի շրջանների վերաբերյալ «համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքները, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն՝ ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»: Դեկտեմբերի 27-ին էլ, Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե Ղուբաթլուի եւ Զանգելանի մասով նոյեմբերյան հայտարարության մեջ արդյոք գրված չէ, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ պատերազմն ավարտվել է, Փաշինյանն ասաց. «Դա նկատի է առնվում Արցախի շփման գիծը: Արցախի շփման գիծն է նկատի առնվում, եւ ես ասել եմ նախկինում եւ խորհրդարանի ամբիոնից, որ քանի որ Ղուբաթլուի եւ Զանգելանի հատվածները 90 տոկոսով եղել են արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք կանդրադառնանք։ Որովհետեւ այդտեղ կային խնդիրներ, որոնք պետք էր հավելյալ ճշգրտել, այդ թվում՝ ճանապարհների գործունեության հետ կապված»:
Այսինքն՝ Փաշինյանի բառամթերքը մեկ ամսվա ընթացքում շատ արագ փոխվեց՝ «էդպիսի բան գոյություն չունի»-ն դարձավ «բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում», իսկ սա էլ՝ «բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը