15 07 2023

Արցախին անհրաժեշտ է հումանիտար օդային միջանցք ցանկացած երկրի հետ, որը պատրաստ է և կարող է օգնել․ հայտարարություն

Արցախին անհրաժեշտ է հումանիտար օդային միջանցք ցանկացած երկրի հետ, որը պատրաստ է և կարող է օգնել․ հայտարարություն

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջում է մարդասիրական օդային միջանցք բացել դեպի Արցախ.

«Արցախը հումանիտար աղետի իրավիճակում է գտնվում:  2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախը գտնվում է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել է հումանիտար բեռնափոխադրումների մատակարարումը, իսկ հուլիսի  11-ից՝ արդեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից ծանր հիվանդների տեղափոխումը:

Այն, ինչ կատարվում է Արցախում, լիովին համապատասխանում է միջազգային իրավունքով սահմանված «հումանիտար աղետ» ձևակերպմանը: Սա իրական ցեղասպանություն է: Իրավիճակը կրիտիակական է: Մահվան նոր դեպքերը լինելու են նրանց խղճին, ովքեր տեսել, իմացել ու լռել են:
Այս ամենը կատարվում է  միջազգային հանրության աչքի առջև: Միջազգային հանրությունը լուռ է ու կույր է ձևանում: Ադրբեջանը արհամարհում և չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի՝  փետրվարի 22-ի Լաչինի միջանցքն ապաշրջափակելու  որոշումը,  որը վերահաստատվեց  հուլիսի 6 -ին,  անտեսում է միջազգային խորհրդարանական կառույցների կոչերն ու բանաձևերը, քանի որ որևէ պատժամիջոց նրա նկատմամբ չի կիրառվում:

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմն այս իրավիճակում չի կարողանում  կատարել  2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, որով պետք է ապահովվի  Լեռնային Ղարաբաղի անխափան կապը Հայաստանի հետ:

Այո, իրավիճակը պահանջում է դիվանագիտական, քաղաքական, բանակցային ճանապարհով լուծումներ: Բայց դրա համար ժամանակ է պետք, իսկ մենք դա արդեն չունենք:
Հենց հիմա արդեն անհրաժեշտ է անհապաղ  փրկել նրանց, ովքեր կրիտիկական վիճակում են: Հենց հիմա Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում ՝ 30 հազար երեխաներին և 20 հազար ծերերին  հումանիտար աղետից փրկելու  համար անհրաժեշտ է օդային միջանցք բացել` առաջին անհրաժեշտության ապրանքները տեղ հասցնելու համար։

Այսօր ադրբեջանական կողմից հայտարարություն եղավ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու  մասին: Միջազգային հանրության համար միգուցե սա առաջին հայացքից կարող է նորմալ թվալ, բայց  Արցախում բոլորը շատ լավ գիտեն,  թե  այս հայտարարության տակ անվտանգության առումով ինչպիսի  սպառնալիքներ կան  և այն ինչ ռիսկեր ու հետևանքներ կարող է  ունենալ մեզ համար։

Դա մեզ համար ելք և լուծում չէ և չի կարող լինել: Դա  հենց էթնիկ զտման քաղաքականության իրագործում է:

Արցախին անհրաժեշտ է հումանիտար օդային միջանցք ցանկացած երկրի հետ, որը պատրաստ է և կարող է օգնել: Թող դա լինի որևէ երրորդ երկիր՝ իր այդ գործողությունը համաձայնեցնելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ, որն Արցախի անվտանգության ապահովման պատասխանատվություն է կրում:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը դիմում է  Միջազգային մարդասիրական բոլոր կազմակերպություններին՝
•  Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին,
•  ՅՈՒՆԻՍԵՖ-ին,
•  ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամին,
•  ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը

ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԴԱՅԻՆ  ՄԻՋԱՆՑՔ ԲԱՑԵԼ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ»։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ