Արցախցի Զարինե Սարաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«1988-ին ընտանիքով բռնի տեղահանվեցինք, դափ-դատարկ, մեր հագի մի ձեռք շորով ու մի փոքրիկ պայուսակով (փաստաթղթերը), կոտորածից հրաշքով փրկվելով՝ հասանք Արցախ։ Ծնողներս չապրեցին։ Անտուն, անօթևան, տարիների ստեղծածը մի քանի ժամում կորցրածի, փախստականի կրած զրկանքների մասին թերևս լռեմ…40 տարի հարկավոր եղավ, որ նորից տուն-տեղ դնենք։ Երեկ պյուրե սարքելու գդալն էլ (картофелемялка) առա, կենցաղային պայմաններս համալրեցի ամբողջական ու մտածեցի.«Ահա և վերջ, արդեն բոլոր պակաս իրերս ունեմ, տօն տէռէ…»։ Բայց ուրախանալու փոխարեն աչքիս առաջ է նորից փախստական դառնալու ողջ սարսափն ու գողգոթայի ճանապարհը, եթե, Աստված մի արասցե, քաղաքական կշեռքի նժարը ի վնաս մեզ աշխատեց…
Սա գրում եմ ի պատասխան դրսի իմ այն բարեկամների ու ընկերների, ովքեր, տեսնելով Արցախի՝ օրեցօր վատթարացող վիճակը, հաճախ են հարցնում.
-Բա դուք դուրս չե՞ք գալիս…
-Ո’չ, սիրելիներ, դուրս չենք գալու, մնալու ենք, ապրելու ենք, աշխատելու ենք մեր հողում, մեր տանը…ինչքան որ հնարավոր լինի…ես մնում եմ, ընտանիքս, երեխաներս, քրոջս՝ առաջնագծում կանգնած տղաները, ադրբեջանցու թիրախում հայտնված՝ այգում տրակտորը վարող, նռան այգին շենացնող վիրավոր եղբայրս, բոլոր հարազատներս, ծնողներիս շիրիմները՝ մենք մնում ենք…
Շարունակվող շրջափակումը օրեցօր ավելի է խորացնում ճգնաժամը և մեզ կանգնեցնում նոր խնդիրների առջև…հայը-ռուսը-թուրքը ամենօրյա ականջ մաշող ու ոչ մի հանգուցալուծման չհանգող խոսույթը, երկնքում պտտվող ուղղաթիռները, գետնին սակավացող մեքենաները, դատարկվող խանութները, գազի, հոսանքի բացակայությունը և այլ խնդիրները՝ չթվարկեմ, դառնում են հաղթահարելի հարազատ տանդ, հայրենիքումդ ապրելու գերագույն և ոչ մի բանի առջև չխեղճացող կամքիդ առջև։
Արցախը պիտի ապրի, որ ապրենք մենք։ Բայց բոլորիս մնալով կկարողանանք պահել Արցախը։ Եթե բոլորը, ապա կապրի Արցախը, կապրենք մենք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը