Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Հունիսի 28-ին ժամը 12:00-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչ Վահե Առստամյանը (ծնված 1987թ.) Մարտունի քաղաքի վարչական տարածքի «64 հեկտար» կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ։
Նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում, Գիշի գյուղի բնակիչ` Բախշի Ղահրամանյանը (ծնված 1961թ.) Ճարտար քաղաքի վարչական տարածքի «Ղուրուսու» կոչվող տեղամասում, «Բելառուս-80» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։
Վերջիններս մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակել են իր ուղղությամբ։
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը