«Վերին Լարս» անցակետի երթևեկելի նոր գոտիների վերակառուցումը կավարտվի հունիսի 15-ին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Երեկ հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի հետ, մանրամասն քննարկել ենք հարցեր, այդ թվում ՝ «Վերին Լարս» անցակետի վերակառուցման հարցերը, նա համապատասխան խոստումներ է տվել ՝ մինչև հունիսի 15-ը ավարտել բոլոր աշխատանքները։ Ինչպես հասկանում եմ, խոսքը ևս չորս գոտու կառուցման մասին է», - ասել է Միշուստինը ՝ հավելելով, որ նախարարն իրեն ծանոթացրել է աշխատանքների կատարման ընթացքին։
Այնուհետև Միշուստինը խոսքը փոխանցել է Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռուսլան Դավիդովին, ով հայտնել է՝ եթե մինչև հունիսի 15-ը Տրանսպորտի նախարարությունը հանձնի ճանապարհային գծերը, ապա անցակետում առաջացած խցանումը կվերացվի մեկ շաբաթվա ընթացքում։
Դավիդովը հայտնել է, որ կլինի 39 գոտի, որից 15-ը բեռնատարների համար։
«Մինչև վերակառուցումը օրական անցնում էր մինչև 1200 բեռնատար և 3500 մարդատար մեքենա։ Այժմ մենք ակնկալում ենք, որ օրական մինչև 1500 բեռնատար կարող է անցնել», - ասել է ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։ Դավիդովը նկատել է, որ նույնիսկ վերակառուցման պայմաններում «Վերին Լարսը» բոլորից ամենաակտիվ անցակետն է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինից և ավելացրել․
« Գիտեմ, որ երբ դուք ինչ-որ բան եք խոստանում, դա կատարվում է, եւ շատ ուրախ եմ դրա համար։ Շատ շնորհակալ եմ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը