07 06 2023

Քաղաքացիներին ուղեկցում են խաղաղապահները, բայց ադրբեջանական տեսանյութերում չեն երևում․ Գեղամ Ստեփանյան․ AlphaNews.am



5-րդ օրն է՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտից սահմանափակ քանակով մարդիկ են տեղափոխվել Հայաստան և նույնչափ էլ Հայաստանից են վերադարձել Արցախ: Այս մասին հունիսի 6-ին, Alpha News-ի եթերում ասել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և հավելել, որ Արցախից շուրջ 100 մարդ է տեղափոխվել Հայաստան, շուրջ 110-ն էլ վերադարձել է Արցախ:

ՄԻՊ-ը պարզաբանել է, որ ամբողջ ընթացքում, այդ թվում՝ Հակարիի կամրջի անցակետում հայ քաղաքացիներին ուղեկցել են ռուս խաղաղապահները, չնայած, որ ադրբեջանական տեսանյութերում խաղաղապահները չեն երևում:

«Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը հատուկ է անում, որ տեսանյութերում ռուս խաղաղապահները չերևան, սա քարոզչական նպատակ է հետապնդում, ցույց տալու, որ տեսեք առանց երրորդ կողմի Ղարաբաղի հայ բնակչությունը անցնում է Հակարիի անցակետով:

Քաղաքացիներից մեկի խոսքով՝ ադրբեջանցի սահմանապահը փորձել է համոզել իրենց, որ առանց ռուս խաղաղապահների մեքենաների կարող են գալ, այսինքն՝ կարող են իրենց մեքենաներով հանգիստ տեղաշարժվել: Հստակ է, որ ադրբեջանցիների նպատակն է այնպես անել, որ այս պրոցեսին չլինի ռուսական կողմի մասնակցությունը կամ էլ Կարմիր Խաչինը ու նրանք կարողանան արտաքին աշխարհին ցույց տան, որ խնդիր չկա և այսպես կոչված «ինտեգրացիան» գործի մեջ է»,- ասել է Արցախի ՄԻՊ-ը ու հավելել, որ ադրբեջանական կողմը տարածելով այդ տեսանյութերը նպատակ է հետապնդում միջազգային հանրությանը ցույց տալ, որ անցակետն աշխատում է բնականոն հունով և միջանցքով մարդկանց ազատ տեղաշարժն ապահովված է:

«Ընդ որում՝ նկարահանումն իրականացվում է առանց մարդկանց թույլտվության` խախտելով մարդկանց իրավունքը»,- նշել է Գեղամ Ստեփանյանը:

Արցախցի պաշտոնյան հիշեցրել է, որ Հակարիի կամրջի մոտ անցակետ դնելուց հետո ադրբեջանական կողմը խոչընդոտում էր Կարմիր Խաչին արցախցի բուժառուներին տեղափոխել Հայաստան: Երկար բանակցություններից հետո ըստ Գեղամ Ստեփանյանի՝ արդեն մի քանի անգամ Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ բուժառուներ են տեղափոխվել Հայաստան:

«Ադրբեջանը դիտավորյալ էր խոչընդոտում բուժառուների տեղափոխումը, դա հատուկ էր արվում, որպեսզի Արցախի քաղաքացիները սկսեն օգտվել այսպես կոչված «անցակետից»: Վստահ եմ, որ ոչ միայն բուժառուները, այլև Կարմի Խաչի ներկայացուցիչները, որոնք անարգել ելումուտ պետք է ունենան Արցախ, այսօր անձնագրային ստուգում են անցնում:

Մտահոգիչն այն է, որ մարդիկ, որոնք գտնվում են Ադրբեջանի թիրախում և հայտարարված թշնամի են Ադրբեջանի համար, նրանց անձնագրային տվյալները հայտնվում են Ադրբեջանի տրամադրության տակ, ինչը խորացնում է անվտանգային սպառնալիքները արցախցիների նկատմամբ»,- ասել է Գեղամ Ստեփանյանը:

Օրինակ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունում կան մարդիկ, որոնք անցնում են ադրբեջանական քրեական գործերով, հետևաբար ըստ ՄԻՊ-ի՝ այդ մարդիկ չեն կարող օգտվել այդ անցակետով, քանի որ Ադրբեջանը առիթը բաց չի թողնի և կարող է առևանգել նրանց:

Գեղամ Ստեփանյանը կարծում է, որ որևէ կերպ չպետք է թույլ տալ, որ առանց երրորդ կողմի հայ քաղաքացիները կարողանան տեղափոխվել այս կամ այն բնակավայր, քանի որ դա ադրբեջանական կողմին հիմք կտա պնդելու, որ ազատ տեղաշարժը վերականգնվել է:

«Քանի դեռ մարդիկ այդ ճանապարհով անցնում են երրորդ կողմի ուղեկցությամբ, ուրեմն առկա են ե՛ւ հոգեբանական, ե՛ւ ֆիզիկական սպառնալիքներ: Այդ իրավիճակում խոսել միջանցքի բաց լինելու կամ շրջափակման վերացման մասին՝ տրամաբանական չէ»,- ընդգծել է Արցախի ՄԻՊ-ը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ