13 05 2023

Նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել

Նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել

Ադրբեջանական սադրանքի հետեւանքով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղադասարյանի զորացրվելուն 50 օր էր մնացել:  Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գառնիի համայնքապետ  Տիգրան Պողոսյանը:

Նարեկը տան միակ տղան էր, ունի իրենից մեծ երկու քույր, հայրն ու մայրը գյուղատնտեսությամբ են զբաղվում:

Համայնքապետը ասաց, որ Նարեկի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ հուղարկավորությունը՝ վաղը:

 

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում ցավակցություն է հայտնել Նարեկի զոհվելու կապակցությամբ եւ հայտնել, որ նրան ճանաչում էր մանկուց:

«Թշնամու սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելիս նախօրեին զոհված զինծառայողը 2003 թվականին ծնված Նարեկ Նորայրի Բաղդասարյանն է՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքից։

Հարազատական ամենամոտ կապերն ունենալով՝ Նարեկին մանկուց եմ ճանաչել. անչափ զուսպ, համեստ հայրենասեր մեր տղա։

Անսահման մեծ է ցավի զգացումը, անդառնալի մեր զինվորի կորուստը։

Փա'ռք Նարեկին, համբերություն ընտանիքին ու մեզ բոլորիս։

Հավերժ խոնարհում հայրենիքի համար կյանքը տված մեր բոլոր հայորդիներին»։

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06.00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմն այդ օրն ունեցավ 4 վիրավոր:

Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրկին խախտել է Սոթքի ուղղությամբ հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ: Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈՒ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր:

Ժամը 16:50-ից մինչեւ 21։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի, Սոթքի եւ Վերին Շորժայի հատվածում՝ կիրառելով նաեւ հրետանի եւ ականանետեր։ Հայկական կողմ ունի եւս երկու վիրավոր եւ մեկ զոհ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ