03 05 2023

Արտակ Գալստյանի նկատմամբ խոշտանգման մասին տևական ժամանակ բարձրաձայնվում է․ Մինասյանը՝ գլխավոր դատախազին



ԱԺ-ում  Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից «Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց՝ իրավասու մարմիններում խոշտանգումների դեպքերի հետ կապված՝ ընդգծելով ․ «Ձեր  162 էջանոց զեկույցի  93-94-րդ էջերում, խոսելով խոշտանգումների մասին, մատնանշում եք՝ «մի շարք դեպքերում հանցագործության մասին հաղորդում տված անձի հայտնած հանգամանքներն իրենց հաստատումը չեն ստանում այլ օբյեկտիվ ապացույցներով», եթե խոսքը իրավասու մարմիններում խոշտանգումների մասին է՝ ոստիկանություն, քննչական մարմիններ, հիշեցնեմ  2 մասնավոր դեպքի մասին,  մեկը՝  փաստաբանների նկատմամբ իրականացվածն էր ( Մարզպետ Ավագյան, Էմանուել Անանյան) , երկրրոդը՝ Արտակ Գալստյան, որի նկատմամբ խոշտանգման մասին արդեն մեկ շաբաթ է, նաև փաստաբանների կողմից, բարձրաձայնվում է»։ 

Արձագանքելով պատգամավորի դատախազն ասաց, որ փաստաբաններ  Մարզպետ Ավագյանի, Էմանուել Անանյանի դեպքն առանձնապես չի հիշում, իսկ Արտակ Գալստյանի մասին նշեց հետևյալը ․ «Նրա հետ կապված հիշողությունս թարմ է, որովհետև  հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել փաստաբանի կողմից, որն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին , այս մասով գնահատկան հնչեցնել չեմ կարող, որովհետև մի քանի օր առաջ ուղարկած հաղորդում է, որը պետք է ստուգվի»,-ասաց Վարդապետյանը։

Արծվիկ Մինասյանը նաև հետաքրքրվեց, թե ի՞նչ գնահատական կարող է տալ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ դատարանում մահվան և օրեր առաջ հրապարակված՝ Քննչական կոմիտեի վարչության երկրորդ հարկի պատուհանից մեղադրյալի՝ ցած նետվելու և ինքնասպանություն գործելու դեպքի վերաբերյալ։

Աննա Վարդապետյանն ասաց, որ ապացույցի թույլատրելիության խնդիր է բարձրանում, երբ անձը խոշտանգման վերաբերյալ հայտարարություն է անում։ Ապա, անդրադառնալով Քննչական կոմիտեի պատուհանից ցած նետվելով ինքնասպանություն գործելու դեպքին, դատախազն ասաց, որ հիշում է նման դեպք, որովհետև փաստաբանի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, ապա հիշեցրեց․ «Գիտեք, դատախազությունն՝ ինքը նախաքննության նկատմամբ հսկոություն և վերահսկողություն իրականացնելու գործառույթ ունի, և մեզ ուղարկվող հաղորդումները մենք ուղարկում ենք ըստ քննչական ենթակայության։ Այս մասով որևէ գնահատական հնչեցնել չեմ կարող, որովհետև մի քանի օր առաջ ուղարկված հաղորդում է, որը պետք է ստուգվի»։

Ինչ վերաբերում է Արմեն Գրիգորյանի՝ դատարանում հանկարծամահ լինելու դեպքին, Վարդապետյանը նշեց, որ կալանավորված անձանց պահելու վայրի վարչակազմի հետ կապված որևէ պատճառական կապ չի հաստատվել վարույթի շրջանակներում։ Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց նաև քաղաքական տարբեր ակցիաների շրջանակներում ոստիկանության, հատկապես՝ կարմիր բերետավոր ոստիկանների կողմից իրականացված բռնության դեպքերով արդյոք կա՞ մեղադրվող ոստիկան։ Վարդապետյանն այս մասով էլ հստակ որևէ բան չասաց՝ նշելով, որ իրենք հետազոտություն են իրականացնում, թե որ դեպքում է, որ ուժի կիրառումը կարող է լինել իրավաչափ, իսկ որ դեպքերում է, որ ուժի կրառումը հանգեցնում է անհամաչափության դրսևորման։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ