20 04 2023

Իմքայլականը Էջմիածնի կինոթատրոնը բազմաբնակարան շենքի վերածելու հայտ է ներկայացրել. hetq.am

Իմքայլականը Էջմիածնի կինոթատրոնը բազմաբնակարան շենքի վերածելու հայտ է ներկայացրել. hetq.am

Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Վազգեն Դարբինյանի ղեկավարած «Ավա Գրանիտ» ՓԲԸ-ն 160 մլն դրամով գնել է Էջմիածնի կենտրոնական հրապարակի հարևանությամբ գտնվող նախկին «Գարուն» կինոթատրոնի շենքը և ցանկանում է տեղում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել: Այս մասին գրում է Hetq.am-ը:

Էջմիածնի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող, մարմարե սալերով, կամարներով ու մեծ ջահերով երկհարկանի շենքի տեղում նախատեսվող շինության էսքիզային նախագծի վերաբերյալ ապրիլի 18-ին հանրային քննարկում էր կազմակերպվել, որը վարում էր համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:

«Ավա Գրանիտ» ընկերության ներկայացուցիչները ներկայացրին էսքիզային նախագիծը: Ինչպես պարզվեց, վերակառուցումից հետո պահպանվելու են միայն շենքի ճակատային կամարային լուծումները, որի հետևում վեր է խոյանալու 35 մետրանոց բարձրահարկ շինությունը: Մոտակայքում ամենաբարձրահարկ շինությունը Էջմիածնի համայնքապետարանի 7 հարկանի վարչական շենքն է: Նորակառույց շենքը, ըստ նախագծի, 10-հարկանի է: Նախատեսվում է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի՝ մոտ 80 ավտոմեքենայի համար:

Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ, առաջին երկու հարկերում լինելու են հասարակական տարածքներ՝ սրճարաններ, 2 կինոդահլիճ՝ յուրաքանչյուրը 50-տեղանոց, երեխաների համար զվարճանքի վայրեր: Իհարկե, կինոդահլիճներն անհամեմատ փոք են լինելու նախկին կինոթատրոնի դահլիճներից:

Էջմիածնեցի 73-ամյա Հարություն Աղումյանը հիշում է իրենց շենքի դիմաց գործող կինոթատրոնի լեփ-լեցուն դահլիճները, որտեղ ընտանիքով ֆիլմ էին դիտում: Ասում է՝ ապագա կնոջ հետ չի կարողացել կինոթատրոնում ժամադրվել, քանի որ տունը մի քանի մետր հեռավորության վրա էր՝ բոլորի տեսադաշտում: Հիշում է, որ կինոթատրոնն ուներ երկու դահլիճ՝ մեծ և փոքր: Ներսում սրճարան էր գործում: Որոշ օրերի նույնիսկ հնարավոր չէր լինում կինոյի տոմս գնել և դրա համար ծանոթ էին փնտրում: Երբ տեղեկացել է, որ կինոթատրոնը քանդելու և բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նախագիծ կա,  շտապել է համայնքապետարան:

 
Հարություն Աղումյանը և Սբ. Մեսրոպ Մաշտոց փողոցի թիվ 107 շենքի այլ բնակիչներ դեմ են նախկին կինոթատրոնի  տեղում բազմահարկ շենք կառուցելու գաղափարին: Պնդում են, որ այդ տարածքում 5-հարկանի շենքեր կան, և բազմահարկ շենքի գոյությունը կարող է լուրջ դժվարություններ առաջացնել բնակիչների համար:

«Այժմ դրված է մեր հետագա բնակության հարցը՝ ապրենք մեր տներում, թե բազմահարկ շենքի կառուցումից հետո վաճառենք, գնանք»,-ասում է Հարություն Աղումյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ