SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 27-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Հարություն Բաբայանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի իր աշխատասենյակում Երևանի բնակիչ 21-ամյա Ալբերտ Նիկոլյանը ուսումնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել իր գլխին, իրեն պատճառելով ֆիզիկական ցավ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել են Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ կեսգիշերին մոտ Ա․ Նիկոլյանն ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն, որտեղից էլ նրան ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Հ․ Բաբայանը աշխատում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում որպես ամբիոնի վարիչ, իսկ Ա․ Նիկոլյանը նույն ինստիտուտի ուսանող է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը