13 03 2023

Կոտայքում պարեկը սպանել է ենթադրյալ գողին․ shamshyan.com

Կոտայքում պարեկը սպանել է ենթադրյալ գողին․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 13-ին, ենթադրյալ հանցագործին վնասազերծելու ժամանակ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։

Ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Հրազդան քաղաքի թաղամասերից մեկի բնակիչ 18-ամյա Հասմիկ Բ․-ն և հայտնել, որ անհայտ անձինք մուտք են գործել իրենց տուն։

Օպերատիվորեն նշված հասցե են ժամանել Ոստիկաններն ու պարեկները, որտեղ ահազանգողը հայտնել է, որ իրենց տանը կից անասնագոմում  մարդ կա, ով, հավանաբար, գոմ է մտել գողություն անելու նպատակով։ 

Ոստիկանության աշխատակիցները մոտենում են անասնագոմին և բարձրախոսով ներկայանում են, որ իրենք ոստիկանության աշխատակիցներ են ու պահանջում են, որպեսզի այնտեղ գտնվող անձը դուրս գա։

Անասնագոմից դեմքը ծածկած դուրս է գալիս մի տղամարդ, ում ձեռքին կացին է լինում։Վերջինս պահանջում է որպեսզի ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցները չմոտենան իրեն, հեռանան և պահանջում է, որպեսզի չփորձեն իրեն բռնել։ Հակառակ դեպքում՝ ձեռքին եղած կացնով կսպանի բոլորին։ Դրանից հետո, տեսնելով, որ ոստիկաններն ու պարեկները չեն հեռանում ու դարձյալ պահանջում են, որպեսզի նա ցած դնի կացինն ու ինքնակամ հանձնվի, այդ տղամարդը դարձյալ չի ենթարկվում։ Եվ կացինը ձեռքին սկսում է, անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել ոստիկանության ծառայողների վրա։

Այդ ժամանակ Պարեկային Ծաայության Կոտայքի գումարտակի պարեկներից մեկն իրեն ամրակցված ատրճանակից նախազգուշական  2 կրակոց է արձակում դեպի օդ։ Սակայն այդ կրակոցներն էլ չեն կանխում քաղաքացու հարձակումը պարեկների ու ոստիկանների վրա, որից հետո զգալով, որ վտանգը դառնում է իրական, պարեկը 1 անգամ կրակոց է արձակում իրենց ուղղությամբ եկող տղամարդու վրա։ Վերջինս վայր է ընկնում։ Ահազանգով դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վիրավորին «կրծքավանդակի հրազենային վիրավորում, մարմնական վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխում են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Պարզվում է, որ նա Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Սամվել Փ․-ն է, ով գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահանում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ