17 02 2023

Արցախում հորդորում են հովհարային անջատումների ժամանակ չօգտվել վերելակներից

Արցախում հորդորում են հովհարային անջատումների ժամանակ չօգտվել վերելակներից

Արցախում հոսանքի հաճախակի անջատումների գրաֆիկին չհետեւելը հաճախ ստեղծում է անցանկալի իրավիճակ։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հորդորում է բոլոր բնակիչներին՝ հոսանքի հովհարային անջատումների ժամանակ՝ ուղիղ ժամերին, չօգտվել վերելակներից, դրանով բացառել անցանկալի պատահարները:

Ինչպես տեղեկանում ենք Արցախի տեղեկատվալկան շտաբից, վերջերս փոփոխվել էր էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների ժամանակացույցը, ըստ որի օրական 3 անգամյա անջատման փոխարեն, անջատումները դարձել են օրական 6 անգամ։

Արցախի շրջափակման 68-րդ օրվա տվյալով, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ եւ ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել 105 հիվանդ:

ՌԴ խաղաղապահները Արցախից Հայաստան են տեղափոխել Ռուսաստանի 47 քաղաքացու, ովքեր ավելի վաղ ժամանել էին Լեռնային Ղարաբաղ։ Նրանց թվում 8 երեխա է եղել։ Ավելի վաղ մոտ հարյուր ՌԴ քաղաքացիներ Ստեփանակերտից Հայաստան էին տեղափոխվել։

Փետրվարի 17-ի դրությմաբ, 3 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային եւ վերակենդանացման բաժանմունքներում: 8 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում է։

Շրջափակման մեջ 261 երեխա է ծնվել։

Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 660 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։

755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով կասեցրել է իր գործունեությունը, իսկ մնացած տնտեսվարողները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։

Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5,100 մարդ կորցրել է աշխատանքը եւ եկամտի աղբյուրը։

Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնը, չնայած Ադրբեջանի կողմից Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու հետեւանքով առաջացած խնդիրներին, շարունակում է իր գործունեությունը։ 

Այս պահին կենտրոնի ամենամեծ խնդիրը, ջեռուցումն է: Գազամատակարարման դադարեցմամբ պայմանավորված` օգտագործում են էլեկտրական տաքացուցիչներ, որոնք բավարար կերպով չեն տաքացնում, ինչն անդրադառնում է բուժման որակի վրա։

Առկա է մրգի ու բանջարեղենի կարիք։ Վերականգնողական կենտրոնում բուժվողները օրական երեք անգամ սնունդ պետք է ստանան: Այն ժամանակին պատրաստելու համար տեղադրվել են փայտի վառարաններ։

Շրջափակման պայմաններում մեծ դժվարություններով շարունակվում է տնային այցելության ծրագիրը` ամեն ամիս 350 ընտանիքի բժշկական պարագաների մատակարարմամբ։ Տակդիրների եւ սավանների տրամադրումը դադարեցված է, քանի որ ամբողջ պահուստն արդեն սպառվել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ