Այսօր տեղի ունեցավ Գյումրու ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստը: Այն թերևս աննախադեպ էր իր տևողությամբ` սկսվելով ժամը 12․00-ին տևեց 4-4,5 ժամ։
Նիստից մանրամասներ է հայտնում Aravot.am-ը։
Ամենահետաքրքիր քննարկումը ծավալվեց թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլիզացման թեմայով։ Գյումրու քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը հայտարարեց, որ Գյումրիում շատացել են թափառող շները․ այն դարձել է քաղաքի ամենահրատապ թեմաներից։
Նախնական հաշվարկներով,Գյումրու քաղաքապետարանը մտադիր է ստերջացնել 500 շուն և ամեն մի շան ստերջացում քաղաքային բյուջեի վրա շուկայական նոր արժեքով՝ կնստի 29 հազար 900 դրամ։
Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը սենսացիոն մի հայտարարություն արեց, թե գյումրեցիները իրենց բոլոր շներին դեմքով ճանաչում են, և որ շները շատանում են կողքի համայնքներից նրանց մեքենաներով Գյումրի տեղափոխելու ու բաց թողնելու պատճառով։ Քաղաքապետը նաև հայտարարեց, որ ունի ապացույցներ, Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցները հեռվից ֆիքսել են, թե ինչպես են մեքենաները կանգնում, շներին բաց թողնում ու հեռանում․
«Հիմա որ ասեմ, պիտի նորից ասեն, թե գյումրեցիները կատակում են․ դեմքերով մեր շներին ճանաչում են գյումրեցիները, անծանոթ շներ են եկածները ու շատացել են, հիմա կերի պակասն է, թե ինչն է, այլ համայնքներից լցվել են էստեղ», -ասաց Վարդգես Սամսոնյանը։
Քաղաքապետը նաև հիշեցրեց, որ շների ստերջացումը դեռևս չի նշանակում, որ շները չպիտի կծեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը