ՀՀ քննչական կոմիտե փաստաբանի կողմից ստացվել է հաղորդում՝ 2023 թվականի փետրվարի 9-ին քրեական մի վարույթի շրջանակում իրականացված քննչական գործողության ժամանակ մի խումբ անձանց կողմից, ծառայողական լիազորություններն օգտագործելով, իր և գործընկեր այլ փաստաբանի՝ մասնագիտական գործունեության ընթացքում իրենց նկատմամբ բռնություն գործադրելու մասին։
Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից ու ավելացնում, որ միևնույն ժամանակ նաև ՀՀ ոստիկանության երկու աշխատակիցների կողմից հաղորդում է ստացվել քննչական բաժնում 2 փաստաբանների կողմից իրենց և ոստիկանության մյուս ծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, այդ ընթացքում դրսևորած բացահայտ արհամարհական վերաբերմունքի և բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ:
Նշված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաքձեռնվել է քրեական վարույթ:
Երկու փաստաբանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
ՔԿ-ից հայտնում են, որ սկսված նախաքննության շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դեպքի բոլոր հանգամանքներն օբյեկտիվ քննությամբ պարզելու, դրան մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը