ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սահակյանների ընտանիքին՝ ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ:
Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է.
«Խոր ցավով տեղեկացա ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ նախագահի տեղակալ, Հայաստանի նորանկախ Հանրապետությունում երկար տարիներ քաղաքական, պետական գործունեություն ծավալած և պետական բարձր պարգևների արժանացած ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան մասին:
Գալուստ Սահակյանը հիրավի վայելում էր իր կուսակցական ընկերների, գործընկերների, իրեն երբևէ ճանաչած մարդկանց սերն ու հարգանքը:
Մինչև կյանքի վերջին օրը նա անդավաճան մնաց իր հարազատ կուսակցության դավանած գաղափարախոսությանն ու անցած ճանապարհին, անգամ ծանր հիվանդության պահին ապրեց մեր պետության և Հայրենիքի մի նվիրական հատվածի՝ Արցախի մասին ամենօրյա մտահոգությամբ ու սրտացավությամբ՝ երբեք չկորցնելով իրեն բնորոշ լավատեսությունը, որով վարակում էր նաև երիտասարդ հանրապետականներին:
Նրանց համար իրենց սիրելի Գալուստ Գրիգորիչը անփոխարինելի ավագ ընկեր ու խորհրդատու էր:
Հանրապետական կուսակցությունը սգում է իր նվիրյալ, սկզբունքային ու անկեղծ ընկերոջ, մարդկային հարաբերություններում մշտապես պարկեշտ և նրբանկատ Գալուստ Սահակյանի մահը:
Հայաստանի հանրապետական կուսակցության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, այս անդառնալի կորստյան ծանր պահին զորակցություն հայտնում՝ մաղթելով համբերություն և տոկունություն: Աստված թող նրանց մխիթարություն տա և փարատի անամոքելի վիշտը:
Աղոթում ենք մեր սիրելի ընկերոջ հոգու խաղաղության և փրկության համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը