14 11 2022

Խաղողի մթերման եռուն շրջանն անցել է,բայց 90 դրամով մթերած բերքի փողը Նոր տարուն կստանան

Խաղողի մթերման եռուն շրջանն անցել է,բայց 90 դրամով մթերած բերքի փողը Նոր տարուն կստանան

Խաղողի մթերման եռուն շրջանն անցել է, թվում է՝ մթերումներն այս տարի էլ հորով մորով արեցին, բայց գյուղացինները մտմտում են նորից բողոքի ակցիաներ անցկացնել մարզպետարանների կամ կառավարության մոտ։ Մթերումից հետո մեծ մասը կանգնել է լուրջ բարդությունների առջև։

Բանն այն է, որ շատերը դեռ չեն ստացել 90-100 դրամով մթերած խաղողի գումարները, մյուս կողմից՝ ավելի լուրջ մտահոգություն ունեն․ իրենց խոսքով՝ չեն վստահում կառավարությանը, հաջորդ գարուն բաղերը մշակելու համար ռիսկեր են տեսնում, չունեն երաշխիք, որ եկող տարի էլ վերամշակող գործարանները նորից չեն հրաժարվի պայմանագրերի կնքումից ու գյուղացուն չեն կանգնեցնի փաստի առաջ, որ ճարահատյալ կոպեկներով խաղողը վերջին օրով «հանձնեն-թափեն ջուրը», ինչ է թե տոննաներով բերքը փրկվի դաշտերում նեխելուց։

Արարատի ու Արմավիրի բնակչության շրջանում արդեն շատերն են քննարկում-վերուծում խաղողագործության ոլորտում առաջ եկած ռիսկերը, մեզ հետ զրույցում ոմանք սպառնում են, թե ձմեռն անցնելուն պես քանդելու ենվերացնեն խաղողի բաղերը, չեն տեսնում կառավարությունից վերահսկողություն, ոլորտի գիտակներ կառավարությունում չկան,  չկա գործիքակազմ, չկա աչալուրջ մոտեցում՝ խաղողագործության ավանդական ճյուղը Հայաստանում չմեռցնելու համար։

«Վերամշակող գործարանները վաղուց հեկտարներով տնկել են իրենց այգիները, ընդ որում՝ հատուկ գինիների համար սորտավորված գրագետ մշակվող բերքաբեր այգիներ, և հիմնական պատճառը հենց դա է, որ գյուղացիների համար սեպտեմբերի կեսից արհեստական խոչընդոտներ են ստեղծում գործարանատերերը, բարդացնում են մթերումների պրոցեսը, որ մթերումն ուշացած անեն, քաշը գցած, չամիչ դառած խաղողով, հետն էլ կոպեկներով գինը հաշվեն, որ մենակ իրենք շահած դուրս գան։ Բա գյուղացու՞ն ինչ մնաց տակը, էշի պես չարչարվելը, որ նախարարը ասի՝ արի քո բաղը ծախի երևանցի օլիգարխին, դու արի Երևան տաքսի քշի 200 հազար դրամով, հա՞․․․ էս ա պետությունը․․․ էս ա իրանց պարտականությունը ժողովրդի, գյուղատնտեսության հանդեպ։

Դրա համար էլ վերացրին գյուղնախարարությունը։ Գյուղ են թողե՞լ, գյուղատնտեսույթունի՞ց են խաբար, որ գյուղնախարարությունից թեմայի մեջ լինեն։ Քերոբյանը էդքան միամիտ ա, որ չի հասկանում՝ ոնց են անհատի հետ 40 տոննայով խաղողի պայմանագրեր կնքող գործարանները էսօր տոննայի փոխարեն մթերումները կիլոներով դարձել։ Վերջին պահին են մի կերպ հաջողացրել ենք մթերել բերքը, նեխում էր բաղի մեջ, նույն վիճակը հարևան գյուղերում է։ Մարդիկ խաղողը փչանալուց են փրկում, ինչ գին ասում են՝ վերջում ճարահատյալ մարդիկ համաձայնում են, որ ավտոներից խաղողի շիրան թափելով վերջում չանչ չմնա։ Մարդիկ նեղն են, համաձայնում են, որ չսննկանան։ Տարվա էն գլխից խեղճ գյուղացինները չարչարվում են, որ խաղող հավաքեն իրենց նաֆարի ձմեռվա պաշարը ստեղծեն, բայց գալիս-հասնում ա սեպտեմբեր ամիսը՝ կոպեկներով են խաղողը ընդունում»,- իրավիճակից մտահոգ   Yerevan.Today-ի հետ կիսվում ու  իրենց անելիքների, անորոշության  մասին պատմում են արմավիրցիները։ 

«Նախկիններից բողոքողները մոռացել են, որ  հեղափոխված Հայստանից առաջ՝ մինչև 2018 թիվը,134 դրամից պակաս խաղող չկար Հայստանում,  5 տարի առաջ մարդիկ էսքան չէին լարվում սեպտեմբերին, հիմա 90 դրամով մենք ենք խնդրում, որ գարնանից բաղի վրա դրած նյութածախսի, բուժանյութերի, բեռնատարերի ծախսերը հանենք, գոնե նիչա դուրս գանք, տունն էլ սոված թող մնա՝ թոշակի հույսին»,-  իրավիճակից ելքերի մասին տարատեսակ քննարկումներով մեզ հետ  կիսվում են նաև Արարատի  խաղողագործները։

Արարատի ու Արմավիրի բնակիչները լավ են հիշում, թե ինչպես Փաշինյանի կառավարությունը2021 թվականին փոփոխություն արեց 2019 թ N 201-Լ որոշման մեջ,և երկարաձգվեցին  խաղողի մթերումների համար տրվող գործարարների վարկերի ժամկետները՝ 1 տարուց դարձնելով մինչև 3 տարի, իսկ արտոնյալ վարկի ժամկետը՝  3 ամսից մինչև 1 տարի դարձնելով։ Սա արվում էր իբրև խթանելու մթերման ծավալների ավելացումը, արտահանումը։ Այդ որոշմամբ, մթերված խաղողի դիմաց ֆերմերներին վճարման գործընթացի ավելի արագ կազմակերպման հարցերում իբրև փորձեց կառավարությունն օժանդակել։ Գյուղացիները ավ են հիշում, թե ինչ ճոռոմախոսույթամբ  գյուղոլորտին իբր այդ գործիքակազմով զինելը մատուցվեց որպես  մեծ նվեր, ու  գյուղացուն խոստացվեց թարմ մրգի մթերումը հասցնել 145 հազար տոննայից 200 հազարի ու ինտենսիվ այգիների հիմնում խոստացան՝ մինչև 100 հա չափով։

Սյուզի Բադոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ