Այսօր միասնության հանրահավաքին ելույթով հանդես եկավ նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ով իր խոսքը սկսեց տերունական աղոթքով:
«Տերն է իմ լույսը և իմ կյանքը, ես ումի՞ց եմ դողալու, տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց եմ վախենալու:
Սիրելի ժողովուրդ, վերջին անգամ, որ այսպիսի միջավայրում եմ գտնվել, եղել է 33 տարի առաջ՝ Ազատության հրապարակում, երբ ես դեռ 18-ամյա երիտասարդ էի: Ես ելույթ ունեցել եմ այնտեղ մեր վերելքի, մեր ազատագրության, մեր անկախության և մեր Արցախյան գոյամարտին ի խնդիր: Դժբախտաբար, ես մտածում էի և վստահ եմ՝ ինձ նման բոլորդ, որ այդ օրերը մեզ միայն բարի հիշողություններ են, մեզ համար լիցքավորիչ են, մեր կյանքի և ինքնության վերականգնման այն խարիսխն են, որի վրա կառուցվում էր մեր կյանքը, բայց այսօր նորից վերստին կանգնած ենք այդ գոյամարտի առջև:
Խոսքս ուզում եմ սկսել Տավուշ աշխարհի Կայանավան գյուղից 10-ամյա մի սքանչելի մանկան՝ Յուրայի արցունքախառը խոսքերով: Երբ Կայանավան գյուղի դպրոցում 9-10 տարեկան երեխաները պատերազմից հետո մեր սիրելի եղբայրներին ու զավակներին նվիրված միջոցառում էին իարկանացնում, երեխաները բոլորը լացում էին, արցունքի մեջ աղեկտուր. ես մտածում էի, որ պատերազմը միգուցե իրենց կողքով է անցել, բայց սխալվել էի: Երբ հրավիրեցի մեր փոքրիկին հարցնելու, թե ինչու ես լացում, Յուրան ասաց՝ ես ուզում եմ՝ մեր տղերքն իմանան, որ մենք իրենց հետ նույնն ենք: Սա 10-ամյա մանկան արցունքախառը խոսքերն են. «Ես ուզում եմ, որ մեր տղերքն իմանա, որ մենք իրենց հետ նույնն ենք, կիմանան, չէ՞»:
Սա մեր նույնության պատմությունն է, մեր սիրելի եղբայրների, զավակների, մեր հայրերի, քույրերի, մայրերի, դուստրերի հետ, ովքեր իրենց կյանքն ընծայել են մեր արժանապատիվ գոյության, մեր կյանքի, մեր հաղթանակների համար, ովքեր անհատներից մեր կյանքը դարձրին պետություն, և ովքեր նաև սպասում են իրենց հետ նույնանալու մեր պատմությանը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը