03 11 2022

Փաշինյանն իր մոտ է հրավիրել ՔՊ նոր վարչությանը՝ մեծ «ռազբիրատ» է գնալու․ Hraparak.am

Փաշինյանն իր մոտ է հրավիրել  ՔՊ նոր վարչությանը՝  մեծ «ռազբիրատ» է գնալու․ Hraparak.am

Hraparak.am-ը գրում է․

«Մենք գրել էինք, որ Քաղպայմանագիր կուսակցության համագումարում տեղի ունեցած ընտրությունները կասկածի տեղիք են տվել եւ կուսակցության վարչության անդամության թեկնածուները պահանջել են վերահաշվարկ անել՝ նորից հաշվել ամեն մեկի ստացած քվեները։ Հատկապես դժգոհ է եղել Արսեն Թորոսյանը, ով 10 ձայնով է դուրս մնացել վարչությունից, սակայն վստահ է եղել, որ բավարար ձայներ է ստացել։ 

Երկար վեճերից հետո որոշել են վերահաշվարկ անել։ Ավելի պակաս ձայների տարբերությամբ չի անցել նաեւ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Մենք տեղեկացանք, որ այս գիշեր իրականացվել է վերահաշվարկը։ Ողջ գիշեր կրկին հաշվել են 48 թեկնածուների ստացած ձայները եւ պարզվել է, որ կասկածները հիմնավոր են։ Պարզվել է, որ Հայկ Կոնջորյանը եւ Համբարձում Մաթեւոսյանը չեն անցել վարչություն, իսկ Արմեն Փամբուխչյանը եւ Արսեն Թորոսյանն անցել են։

Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը զայրացած է թիմի վրա։ Պարզ չէ, թե ինչ պատճառով՝ կարծում է, որ կեղծիքն աննկատ պետք է անեին, որ աղմուկ չբարձրանա՞ր եւ այդ տեղեկությունները մամուլ չսպրդեին, թե՞ դեմ է եղել առհասարակ կեղծիքին։ Փաշինյանն այնքան է բարկացել այս խայտառակությունից, որ այսօր նախատեսված հանդիպումը՝ ԱԺ ՔՊ խմբակցության հետ, չեղարկել է եւ իր մոտ է կանչել նորընտիր վարչության կազմին։ Ըստ ամենայնի, ծանր օր է սպասվում ՔՊ վերնախավին եւ հատկապես նրանց, ում կասկածում են այս մախինացիաներն իրականացնելու մեջ։

ՔՊ մեր աղբյուրն ասաց, որ գլխավոր կազմակերպիչ համարում են ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանին, ով համագումարի կազմակերպչական մասն է համակարգել եւ կասկածներ ունեն, որ դրան մասնակցել է նաեւ Վահագն Ալեքսանյանը։ Մեզ ասացին, որ Արփի Դավոյանը խիստ ընկճված է՝ երեւի պատժի անխուսափելիության զգացում ունի։

Հիշեցնենք, որ հաշվիչ հանձնաժողովում ընդգրկված են եղել ՔՊ խմբակցության երկու փորձագետները, ինչպես նաեւ Նազելի Բաղդասարյանի եւ Քրիստինե Պողոսյանի նախկին օգնականները։ Այս կազմն էլ թերեւս իրականացրել է կեղծիքները՝ թվեր է նկարել։ Բայց հետին թվով պարզել, թե ով է արել, բարդ կլինի։

Նկատենք, որ այս ամենը տեղի է ունենում մի կուսակցությունում, որը հպարտանում է 2018-ից ի վեր արդար ընտրությունների ավանդույթ ներդնելով եւ որի գրեթե միակ ձեռքբերումը իբրեւ թե ընտրական իրավունքի վերականգնումն է երկրում։ Եթե ընդամենը 1000 քվեաթերթիկ արդար չեն հաշվում, ինչպե՞ս կարող են երկրով մեկ 2 միլիոն քվեաթերթիկ արդար հաշվել եւ թվեր չնկարել։ Թերեւս հենց դրա համար էլ ԿԸՀ նախագահ կարգեցին ՔՊ-ի ամենահնազանդ անդամին, որ առաջիկա ընտրությունները սուս ու փուս կեղծի»։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ