04 10 2022

Ադրբեջանի հրապարակած քարտեզները իրավական հիմք չունեն. քարտեզագետ



Հոկտեմբերի 3-ին վարչապետ Փաշինյանի ընտանեկան կայքը հղում անելով հավաստի աղբյուրին հրապարակեց Հայաստանից Ադրբեջանի 5 պահանջները, որտեղ կետերից մեկով նշվում էր սահմանազատում և սահամանագծում՝ 1919-20 թվականների քարտեզներով: Ինչ քարտեզների մասին է խոսքը, և դրանք ինչ են իրենցից ենթադրում: Հարցերի մասին Yerevan.Today-ը զրուցել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ:

«Ըստ Ադրբեջանի հրատարակած քարտեզների, որոնցով ուզում են առաջ գնալ, իրենց մեջ ներառում են Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքի կեսը, Սևանա լճի կեսը, Արարատյան դաշտը՝ մինչև Երևանի սահմաններ: Դե, մենք էլ կարող ենք քարտեզ գծել ու ասել, որ Արարատն ու ամբողջ Բաքուն էլ մեր տարածքի մեջ են: Ադրբեջանի հրատարակած քարտեզն նույնիսկ իր տպած թղթի արժեքը չունի, լրիվ անարժեք մի բան է և իրավական հիմք չունեն»:

Հարցին՝ այդ դեպքում, որ քարտեզն է, որ կարող է իրավական հիմք ունենալ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համար, Ռուբեն Գալչյանը նշեց. «Հիմք կարող է ծառայել այն քարտեզը, որը Խորհրդային Միությունն իր առաջին սահմանագծումից հետո պատրաստեց: Անցյալ տարի հոկտեմբերին, երբ նախագահ Պուտինն ասում էր, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է սահամանգծում սկսեն ու անպայման Ռուսաստանը պետք է ներկա լինի, քանի որ իրենց մոտ կան քարտեզներ, որոնք ոչ ոք չունի, ճիշտ էր ասում: 21-23 թվականներին  Ռուսաստանի Գերագույն շտաբը Հայաստանի ու Ադրբեջանի քարտեզներ է պատրաստել, որոնք գաղտնի են պահվել Մոսկվայում, ոչ ոքի չեն տվել: Դրանք ունեն իրավական հիմք, որոնց հիման վրա պատրաստվել է Խորհրդային Հայաստանի քարտեզը և 1926 թվականին հրատարակվել է Խորհրդային մեծ հանրագիտարանի մեջ, տակն էլ գրված է, որ վավերացվել է ԽՍՀՄ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից, այսինքն պաշտոնական քարտեզ է»: 

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ