Yerkir.am-ը սույն թվականի հուլիսի 23-ին հարցում էր ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարություն` խնդրելով տրամադրել հետևյալ հարցերի պատասխանները. ՀՀ-ում ընդհանուր թվով քանի՞ ֆիզիկական և իրավաբանական անձ է գտնվում նախարարության առանձնացված ստորաբաժանում հանդիսացող Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարույթներում և ընդհանուր որքա՞ն է կազմում բռնագանձման ենթական գումարը (մեկ թվով):
Հարցման պատասխանից պարզ դարձավ, որ 2018-2022 թթ. ընթացքում ֆիզիկական անձանց օգտին բռնագանձվել է 76.706.751.954 դրամ կամ մոտ 187,547,070 մլն ԱՄՆ դոլար, իսկ իրավաբանական անձանց օգտին` մոտ 1 տրլն 179 մլրդ դրամ կամ մոտ 2 մլրդ 288 մլն ԱՄՆ դոլար:
Այս տվյալները, սակայն, իրենց մեջ չէին ներառում պետական մարմինների կողմից, օրինակ՝ Ճանապարհային ոստիկանության և այլն, քաղաքացիների դեմ հարուցված վարույթները:
Մենք ևս մեկ հարցում ուղարկեցինք` այս անգամ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, պարզելու, թե որքան է կազմում ծառայության կողմից 2018-22 թթ. ընթացքում պետական բյուջեի օգտին (որպես պահանջատեր) ընթացք տրված կատարողական վարույթների քանակի և բռնագանձման ենթակա գումարը:
Համաձայն Հարկադիրի կատարողական վարույթների վարման էլեկտրոնային շտեմարանի տվյալների`
2018 թվականին ընթացք է տրվել.
Պետական բյուջեի օգտին` 49.957.779.391 դրամ բռնագանձման ենթակա գումարով` 2.374.738 կատարողական վարույթի,
2019 թվականին ընթացք է տրվել.
Պետական բյուջեի օգտին՝ 46.217.258.370 դրամ բռնագանձման ենթակա գումարով՝ 1.089.133 կատարողական վարույթի,
2020 թվականին ընթացք է տրվել.
Պետական բյուջեի օգտին՝ 53.221.778.985 դրամ բռնագանձման ենթակա գումարով՝ 1.201.857 կատարողական վարույթի,
2021 թվականին ընթացք է տրվել.
Պետական բյուջեի օգտին` 81.666.534.428 դրամ բռնագանձման ենթական գումարով` 2.110. 988 կատարողական վարույթի,
2022 թվականի առաջին կիսամյակում ընթացք է տրվել.
Պետական բյուջեի օգտին` 37.528.482.845 դրամ բռնագանձման ենթակա գումարով` 1.082.064 լատարողական վարույթի:
Այպիսով պարզ է դառնում, որ 2018 թ.-ից մինչև 2022 թ. առաջին կիսամյակ պետական բյուջեի օգտին բռնագանձվել է մոտ 231 մլրդ 63 մլն ՀՀ դրամ կամ 543 մլն 678 հազար ԱՄՆ դոլար:
2018 - 2022 թթ., փաստորեն, եթե գումարենք ֆիզիկական և իրավաբանական անձանցից և պետական բյուջեի օգտին բռնագանձված գումարը, ապա կստացվի, որ 4-4.5 տարում բռնագանձվել է ընդհանուր առմամբ 1 տրլն. 486 մլրդ 769 մլն դրամ կամ 3.5 մլրդ ԱՄՆ դոլար:
Պետք է նաև նշել, որ պետական բյուջեի օգտին բռնագանձված գումարի (231 մլրդ 63 մլն դրամ) ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում Ճանապարհային ոստիկանության կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար կայացված վարչական որոշումներին:
Դեռևս 2018 թ. մայիսին, երբ արդեն երկու շաբաթ էր, ինչ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը, Կառավարության նիստում հայտարարել էր. «Քաղաքացին տուգանվող օբյեկտի կարգավիճակից պետք է ձերբազատվի։ Պետությունն ունի բավարար մեխանիզմներ կարգը պահպանելու համար։ Խնդրի փիլիսոփայությունը պետք է փոխենք, մենք պետք է հասկանանք, որ քաղաքացին, այսպես ասած, տուգանվելու, կներեք էս բառիս համար, մատերիալ չէ։ Առավոտը տանից դուրս է գալիս, ասում ենք՝ «որտեղ բռնենք, տուգանելու ենք»․ էս փիլիսոփայությունը պետք է փոխվի»:
Իսկ թե ինչ եղավ հետո, ինչպես ասում են, շատ հուզիչ էր. Փաշինյանի կառավարությունն աչքի ընկավ ինչպես հին տուգանքների մեխանիզմի պահպանմամբ ու ավելացմամբ, այլև նոր տուգանքներ սահմանելով` օրինակ իշխանության ներկայացուցչի հասցեին քննադատություն, Կորոնավիրուսի համավարակի շրջանակներում տուգանքներ և այլն:
Ուշադրություն դարձնենք նաև, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո տուգանքների թիվը գրեթե կրկնապատկվել է. օրինակ 2018 թ. տուգանքի չափը եղել է մոտ 50 մլրդ դրամ, իսկ, օրինակ 2021 թ. այդ թիվը հասել է մոտ 82 միլիարդի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը