17 09 2022

Զոհված Նարեկ Հայրապետյանը մեկ տարի երեք ամիս առաջ էր զորակոչվել բանակ․ News.am

Զոհված Նարեկ Հայրապետյանը մեկ տարի երեք ամիս առաջ էր զորակոչվել բանակ․ News.am

NEWS.am-ը գրում է․Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով զոհվել է 19-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Նարեկ Հայրապետյանը։

Նարեկը մեկ տարի երեք ամիս էր առաջ էր զորակոչվել բանակ, ծառայում էր Կապանում, հրետանավոր էր։

«Նարեկը շատ էր սպասում ծառայությանը, սիրում էր զինվորականի կյանքը։ Մինչեւ ծառայության մեկնելը հաճախ այցելում էր «Եռաբլուր», ասում էր՝ գնում եմ տղաներին տեսնելու»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Նարեկ Հայրապետյանի հայրը՝ Արման Հայրապետյանը։

Նարեկը Երեւանից էր, ընտանիքի միակ որդին, ուներ ավագ քույր։

Նարեկը սեպտեմբերի 13-ին վերջին անգամ կապվել է ծնողների հետ՝ վստահեցնելով, որ իր հետ ամեն բան կարգին է, անհանգստանալու կարիք չկա։ Դրանից ժամեր անց Նարեկը զոհվել է։

Նարեկ Հայրապետյանը հուղարկավորվել է նախօրեին՝ սեպտեմբերի 16-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ