NEWS.am-ը գրում է․ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետեւանքով Վարդենիսում տեղակայված հայկական մարտական դիրքերից մեկում սեպտեմբերի 14-ին զոհվել է լեյտենանտ Գոռ Ասատրյանը։
Գոռ Ասատրյանը Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղից էր, ուներ մեկ եղբայր եւ մեկ քույր։
Լճավանի գյուղապետ Լյովա Գեւորգյանը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ 23-ամյա Գոռը տան ավագ զավակն էր։
Գոռի եղբայրը ծառայում է Սիսիանում, ռազմական գործողությունների ժամանակ նա էլ Սիսիանում է կռվել։
Գոռ Ասատրյանը սովորել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, նշանակվել էր Քարվաճառում վաշտի հրամանատար, մասնակցել է 44-օրյա պատերազմին։
«Իր վաշտի 6 զինվորի հետ մարտնչել է հակառակորդի 50 հոգանոց խմբի դեմ։ Հերոսական պայքար է մղել, հերոսի մահով ընկել։ Ժպիտը դեմքին, բարի, լավ անձնավորություն էր։ Շատ բան է արել բանակի համար, հայրենիքի իսկական զինվոր էր»,- պատմեց Լյովա Գեւորգյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:
Սեպտեմբերի 14–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ՝ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։
Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։ «Ցավոք մենք գիտենք, որ այդ թիվը դեռեւս վերջնական չէ: Ունենք նաեւ բազմաթիվ վիրավորներ»,- Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը