Հինգշաբթի օրը՝ 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, հազարավոր մարդիկ են հավաքվել Փարիզում՝ Ֆրանսիայի ԱԳՆ-ի մոտ՝ դատապարտելու Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կանխամտածված ագրեսիան։ Մասնակիցները հնչեցրել են «Կանգնեցե՛ք Ալիևին, հեռացե՛ք Հայաստանից», «Պանթուրքիզմ՝ հավասար է ֆաշիզմ» և այլ կարգախոսներ։
ՀՅԴ-ից հայտնում են, որ շուրջ քսան քաղաքական գործիչներ են եկել աջակցելու հայերին, այդ թվում՝ Գաբրիել Աթալը՝ Ֆրանսիայի կառավարության նախկին խոսնակ, այսօր՝ հանրային հաշիվների պատասխանատու պատվիրակ։
Հանրահավաքի կազմակերպիչ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնեց Ֆրանսիային՝ ստեղծված իրավիճակին արձագանքելու և հարցը ՄԱԿ-ին փոխանցելու համար։
Հանրահավաքին միացել է նաև Ֆրանսիայի քրդական դեմոկրատական խորհրդի խոսնակ Բերիվան Ֆիրաթը։
«Հայերի պայքարը ճնշված ժողովուրդների պայքարն է, դա իմ պայքարն է։ Այսօր ես հայ եմ։ Էրդողանը վտանգ է քրդերի, հայերի, սիրիացիների, բայց նաև Ֆրանսիայի, Արևմուտքի, մեր երիտասարդության և գալիք սերունդների համար»,- ասել է նա։
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշել է. «Այսօր Բաքուն հարձակվում է Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված ինքնիշխան տարածքի վրա: Մենք մտահոգված ենք Հայաստանի, նրա անվտանգության և նրա ժողովրդի համար։ Մենք պետք է ճանապարհ գտնենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հայերի համար խաղաղություն ապահովելու համար»։
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները արգելել են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը