Այսօր Արցախի անկախության հռչակման 31-րդ տարեդարձն է ։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը կայացրեց պատմական որոշում՝ հռչակելով իր անկախությունը Խորհրդային Միությունից:
Մասնավորապես՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Այդ օրենքի առանցքը Խորհրդային Միության կազմից դուրս գալու հանրաքվեի գաղափարն էր: Եթե միութենական հանրապետությունը ցանկանում է դուրս գալ Խորհրդային Միության կազմից, ինչը թույլատրում էր սահմանադրության 72-րդ հոդվածը, ապա ընթացակարգը հանրաքվեն է` ժողովրդական քվեարկությունը:
Արցախում ամիսներ անց՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ անկախության հանրաքվե: Այսպիսով, Արցախն իր անկախությունը հռչակեց դե յուրե գոյություն ունեցող Խորհրդային Միության օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ չխախտելով որևէ օրենք և ընթացակարգ:
Արցախի անկախության հռչակման 31-րդ տարեդարձի օրը Ստեփանակերտում նախատեսված են մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, Արցախի խորհրդարանի 5 խմբակցությունները հայտարարել են՝ քայլերթ և հանրահավաք անցկացնելու մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը