30 08 2022

Պետական դավաճանության վերաբերյալ որևէ վարույթով արդարացման դատավճիռ չի կայացվել

Պետական դավաճանության վերաբերյալ որևէ վարույթով արդարացման դատավճիռ չի կայացվել

2020թ. արցախյան պատերազմից հետո դատարան ուղարկված՝ պետական դավաճանության վերաբերյալ որևէ վարույթով արդարացման դատավճիռ չի կայացվել: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Անդրադառնալով մամուլի հրապարակումներին՝ նա տեղեկացնում  է, որ  ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով 2022թ. փետրվարի 10-ին Ա. Սարդարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանությունը):

2022թ. հունիսի 10-ին Ա. Սարդարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան կրկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):

Նույն օրը կայացված մեկ այլ որոշմամբ քրեական վարույթից Ա. Սարդարյանի մասն անջատվել է և 2022թ. հունիսի 17-ին ուղարկվել Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2022թ. հունիսի 30-ին դատարանը, քննարկելով մեղադրյալ Ա. Սարդարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու հարցը, որոշել է կիրառված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի միջնորդությունը՝ գրավ կիրառելու վերաբերյալ, մերժվել է:

«Այլ կերպ ասած՝ քրեական այս վարույթով դատական քննությունը շարունակվում է, իսկ Ա. Սարդարյանը կալանավորված է»,-հայտնել է Աբրահամյանը։
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ