7or.am-ը գրում է․
Ինչպես հանձնվեց
Բերձորն ու Աղավնոն հանձնվեցին Ադրբեջանին, թեև Նիկոլ Փաշինյանն ու իր ենթակաները օրեր առաջ պնդում էին, որ Ալիևի պահանջը լեգիտիմ չէ, քանզի չի բխում 2020–ի նոյեմբերի 9–ի համատեղ հայտարարության տեքստից։
Նիկոլն այժմ իրեն ռետինե խողովակի տեղ է դրել։ Չնկատելու է տալիս տարածքների հանձնումը։ Ինքը «մոռացել է», որ ոչ լեգիտիմ էր համարել Ադրբեջանի պահանջը։ Ինքը նաև չի խոսում Բերձորից ու Աղավնոյից։ Իշխանական քարոզչագործիքները տարբեր մեղավորներ ու պատասխանատուներ են հրամցնում պողոսներին, որպեսզի վերջիններս որոճան այլ անուններ ու չհիշեն, որ պատերազմ ու պարտություն բերողը Նիկոլն է։
Նիկոլենք ամեն ինչ արեցին, որ Աղավնոն առավելագույնս անվնաս հանձնվի թշնամուն։ Արցախի չկայացած Նիկոլը՝ նախարար նշանակված Հայկ Խանումյանը համոզում էր ու պահանջում, որ Աղավնոն անվնաս հանձնվի թշնամուն, թե բա՝ կարող է մի օր հետ գանք, գույքը վնասված թող չլինի։ Նա նաև սպառնում էր, որ փոխհատուցում չեն ստանա տները վնասողները։
Նիկոլն ու իր արցախյան դրածոները գիտեին, որ Ադրբեջանի պահանջն են բավարարում՝ անվնաս հանձնել «գույքը», բայց խաբում էին։
Շատ խորհրդանշական էր, որ Ադրբեջանը Աղավնոն դարձնում է ռազմաբազա, իսկ նույն օրերին նիկոլենք օրինագիծ են բերում, որպեսզի հարուստները փողով բանակից ազատվեն, իսկ աղքատները ձգտեն այդքան փող հավաքել, որպեսզի բանակից ազատվեն։ Ադրբեջանը բանակ է զարգացնում, նիկոլենք՝ քանդում։ «Խաղաղության դարաշրջանը» հենց դա է որ կա։
Երբ հանձնվեց
Բերձորն ու Աղավնոն (և ոչ միայն այդ տարածքները) հանձնվել են ոչ թե 2022–ի օգոստոսի 25–ին, այլ 2018–ի մայիսի 9–ին, երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում Ղարաբաղյան բանակցությունները փլուզելու հիմքեր դնող հայտարարություններ էր անում։
Հետագայում նա բազմաթիվ այլ հայտարարություններ ու քայլեր արեց, որոնք փակուղի մտցրեցին բանակցությունները, Հայաստանին ու Արցախին թողեցին մենակ թուրք–ադրբեջանական ագրեսիայի դեմ։
Նիկոլն իր ներքին ու արտաքին քաղաքականությամբ պատերազմ ու պարտություն բերեց։ Հիմա մենք այդ ամենի հետևանքների ականատեսն ենք։
Բերձորն ու Աղավնոն հանձնվեցին, երբ Նիկոլին (ոչ առանց հարակից աջակիցների) հաջողվեց Արցախի նախագահ նշանակել «կուպեց» Արայիկ Հարությունյանին։
Բերձորն ու Աղավնոն հանձնվեցին, և մենք շարունակելու ենք նոր տարածքներ կորցնել, քանզի դեռ Նիկոլն է Հայաստանի պետական կառավարման ղեկին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը