03 08 2022

Հարվածներ՝ Լիսագորին, տարհանման փորձ Բերձորում. ԱԽՔ-ը քնեցնո՞ւմ է մարդկանց. Yerkir.am

Հարվածներ՝ Լիսագորին, տարհանման փորձ Բերձորում. ԱԽՔ-ը քնեցնո՞ւմ է մարդկանց. Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․

Արցախից Yerkir.am-ին հայտնում են, որ ադրբեջանական զինված ուժերն ականանետային կրակով և աթս-ներով հարվածել են Շուշիի շրջանի Լիսագոր գյուղի դիրքերին՝ նպատակ ունենալով առաջանալ և կտրել Ստեփանակերտ – Բերձոր մայրուղին: Զոհերի և վիրավորների մասին այս պահին տեղեկատվություն չենք կարող տրամադրել` հասկանալի պատճառներով: Այժմ իրադրությունը խիստ լարված է այդ հատվածում:

Ադրբեջանցիներն մոտեցել են նաև հարևան Եղցահող գյուղին և այժմ գտնվում են գյուղից 500-600 մետր հեռավորության վրա: Այժմ գյուղում իրադրությունը կայուն է, բայց լարված: Այս մասին Yerkir.am-ին հայտնել են Եղցահող գյուղից:

Փորձ է արվել նաև տարհանել Բերձոր քաղաքը, ապամոնտաժել նաև Բերձորի հրապարակի հուշարձանը:  

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ժամեր առաջ անդրադառնալով Գորիս - Ստեփանակերտ նոր երթուղու խնդրին՝ նշել է, որ «…այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի: Համենայնդեպս՝ Հայաստանը որեւէ պլանի համաձայնություն չի տվել, հետեւաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ…»:

Այդ դեպքում՝ ինչպե՞ս եղավ, որ ադրբեջանցի ճանապարհաշինարարներն ամիսներ շարունակ անարգել մտան Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն գյուղերի տարածք և իրականացրին լայնածավալ շինարարություն: Եթե հայկական կողմն այդպես սկզբունքորեն համաձայնություն չէր տվել, ապա չէ՞ր տեսնում տեղի ունեցողը: Եթե ադրբեջանցիները գործում  էին առանց համաձայնեցված պլանի, ապա ինչու՞ հայկական կողմը մինչ օրս ծպտուն չի հանել այդ մասին, իսկ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն իր հունիսի 27-ի  «ասուլիսում» բոլորովին ուրիշ բան էր հայտարարում՝ հաստատելով, որ Ադրբեջանի կողմից Բերձորը շրջանցող ճանապարհի շահագործումից հետո Արցախի Բերձոր և Աղավնո համայնքներն անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Վերոնշյալ հակասական ու կասկածելի հայտարարություններից մեկ բան կարելի է եզրակացնել՝ Փաշինյանի իշխանությունը հերթական դավադիր պայամանավորվածության իրագործումից առաջ քնեցնում է մարդկանց ու ձևացնում, թե ընդդիմանում է Ադրբեջանի պահանջներին:

Չի բացառվում, որ գործ ունենք 44-օրյայի օրերին կիրառվող «Հադրութի, Շուշիի համար մարտերը շարունակվում են» հայտարարությունների ու փորձված ստոր մեթոդների հետ, երբ իշխանությունները հայտարարում էին մի բան, բայց իրականում տեղի էր ունենում բոլորովին այլ բան: Արդյունքում՝ հայ ժողովուրդը կանգնեց Հադրութի, Շուշիի և բազմաթիվ այլ ռազմավարական բնակավայրերի առեղծվածային հանձնման փաստի առջև: 

Լրացում` Արցախի ՊԲ-ից հայտնեցին, որ ադրբեջանական զինված ագրեսիայի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:

 Վահե Սարգսյան  

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ