2022 թ. մարտի 15-ից ուժի մեջ մտած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը արգելվում է հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա օբյեկտներում (ճաշարաններ, սրճարաններ, բարեր և այլն): Քաղաքացների ուշադրությունը հրավիրում ենք հատկապես այս հանգամանքին, քանի որ ամառային հանգստի շրջանով պայմանավորված՝ շատերը ժամանցի համար ընտրում են բացօթյա օբյեկտները և հաճախ մոռանում, որ ծխախոտային արտադրանքի և փոխարինիչների օգտագործման արգելքը տարածվում է նաև դրանց վրա:
Հիշեցնում ենք, որ օրենքի կիրարկումը շարունակվում է, նաև վարչական պատասխանատվություն է սահմանված վերոհիշյալ դրույթի խախտման համար, իսկ սույն բնույթի իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավասությունը վերապահված է ոստիկանությանը:
Նշենք, որ մարտի 15-ից մինչ օրս ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների օգտագործման կամ դրանց օգտագործման սահմանափակման արգելքը խախտելու համար ոստիկանության կողմից կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 1067 արձանագրություն։
Մեր համաքաղաքացիներին կոչ ենք անում դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և համոզված ենք, որ նրանք ոչ միայն ձեռնպահ կմնան օրենքի պահանջը խախտելուց, այլև կաջակցեն ոստիկանության ծառայողներին՝ հանրային առողջության պահպանմանն ուղղված գործում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը