29 06 2022

Կասեցվել է մսամթերքի արտադրություն. Հայտնաբերվել են կոպիտ խախտումներ

Կասեցվել է մսամթերքի արտադրություն. Հայտնաբերվել են կոպիտ խախտումներ

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութը դարձել է մսամթերքի արտադրամասի գործունեության կասեցման հիմք։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, քաղաքապետարանից ստացված ահազանգի հիման վրա, ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Կարեն Ղարիբյանին պատկանող մսամթերքի արտադրությունում:

Տեսչական մարմնից մանրամասնում են՝ արդյունքնում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ, չեն եղել մաքուր և նորոգ, չի եղել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, բացակայել է անձնակազմի համար հանդերձարանը:

Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Երևանի քաղաքապետարանից այս արտադրամասում տիրող իրավիճակի մասին տեղեկացել, ուսումնասիրել և ՍԱՏՄ-ին էին ահազանգել օտարերկրացի զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութի հիման վրա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ