Մեր տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն և լարված, հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, թե 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի հետցնցումները դեռևս ազդում են Հայաստանի և ողջ տարածաշրջանի վրա։
«Թեև լայնածավալ ռազմական գործողությունները դադարեցվեցին 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարից հետո, սակայն շատ հարցեր դեռևս լուծված չեն։ Բացահայտ կերպով խախտելով Եռակողմ հայտարարության դրույթները և միջազգային մարդասիրական իրավունքը և անտեսելով միջազգային հանրության հստակ կոչերը՝ Ադրբեջանը հրաժարվում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց։ Մեկ այլ խնդիր է պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման և ինքնության խեղաթյուրման իրական վտանգը։ Ադրբեջանը խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության գործուղումը հակամարտությունից տուժած տարածքներ, ինչը կօգնի լիակատար ոչնչացումից պաշտպանել հայկական ժառանգությունը», - ասել է Միրզոյանը։
Նա ընդգծել է՝ պաշտոնական Բաքվից դեռ շարունակվում է այլատյաց հռետորաբանությունը հայերի նկատմամբ, դեռևս հոգեբանական տեռոր է իրականացվում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, ինչպես, օրինակ, բարձրախոսներով հնչեցվող կոչերը՝ լքելու իրենց տները՝ հակառակ դեպքում սպառնալով ստիպել, որ լքեն, կամ գազամատակարարման դադարեցումը՝ եղանակային ծանր պայմաններում:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ դեռևս հրադադարի խախտումներ են տեղի ունենում: Վերջին դեպքը մարտի 24-ին ադրբեջանական զինուժի ներխուժումն է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ։
Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ լուծումը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը, և Հայաստանը շարունակում է իր ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության շուրջ, որը կներառի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորում, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր իրավունքների պաշտպանությունը և նրա վերջնական կարգավիճակը։
Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել սկսել աշխատանքները հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և անվտանգության ապահովման, ավարտել բանակցությունները տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների բացման ուղղությամբ և աշխատանքներ տանել համապարփակ խաղաղ բանակցությունների նախապատրաստման շուրջ։ Եթե Ադրբեջանը դրսևորի կառուցողական մոտեցում և զերծ մնա գործընթացի ընթացքում խոչընդոտներ ստեղծելուց, ինչպես նախկինում շատ անգամներ արել է, ես կարծում եմ, որ մենք կարող ենք առաջ շարժվել», - հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը